Home / Հայաստան / Երևանի կենտրոնի բնակիչները կենդանի պատ էին կազմել` նոր շենքի կառուցումը կանխելու համար

Երևանի կենտրոնի բնակիչները կենդանի պատ էին կազմել` նոր շենքի կառուցումը կանխելու համար

Երեկ Նալբանդյան 106/1 շենքի բակում վերսկսվել են տարածքի քանդման հողահանման աշխատանքները: Այսօր առավոտյան բնակիչները տեսել են, որ, գազի խողովակի վթարը շտկելու անվան տակ, փորձ է արվել բուլդոզեր մտցնել նախկին մանկապարտեզի տարածք, սակայն շենքի բնակիչները կենդանի պատ են կազմել և թույլ չէին տալիս, որ մեքենան առաջ շարժվի:

«Ասում էին, որ վթար է եղել ու որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն: Վթարի վերականգման համար թույլտվությու՞ն է պետք: Մեր շենքի բնակիչները` 272 հոգի, դեմ են, ստորագրահավաք են արել, որ շենք չկառուցվի մեր բակում, մեր երեխաները տեղ պետք է ունենան խաղալու, մեր բնակարանները լույս չի մտնի, եթե հսկայական բարձրահարկ լինի 10 մետրի վրա: Բացի դա, չկա երկրաբանական, սեյսմիկ վիճակի մասին եզրակացություն, թույլտվություն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է շենքի բնակիչ  Գրիգորը:

Այն, որ վերջերս շինարությունը դադարել էր, և բնակիչները հույս ունեին, որ այլևս չի սկսվի, փաստորեն, կապված էր ընտրական շրջանի հետ, կարծում է Գրգիորը:

Բնակիչները հայտնել են, որ իրենք մեկ ամիս առաջ բողոք-նամակներ են ուղղել  նախագահին, վարչապետին և քաղաքապետին, պատասխանել է միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ասելով, որ բողոքն անհիմն է, քանի որ շինարարության փաստաթղթերը դեռ պատրաստման փուլում են գտնվում, և քանի դեռ չեն պատրաստվել, շինարարութունը չի սկսվի:

Մինչդեռ նախկին մանկապարտեզի տարածքը գնած և բարձրահարկ բիզնես կենտրոնի կառուցման ծրագիր ներկյացրած «Ավագ Շին» ընկերության  ներկայացուցիչները ցույց են տվել մայիսի 15-ին Տարոն Սարգսյանի ստորագրած ակտը, որը իրենից ներկայացնում է առաջադրանք` տարածքի բարեկարգում,  ծառերի տեղափոխում կամ հատում իրականացնելու մասին:

Ըստ շենքի բնակիչների` ծառերի մասին հոգ տանելու փոխարեն` ընկերությունը միտումնավոր քանդել է ծառերի տակի հողը, արմատները մնացել են օդի մեջ, և, բնականաբար, շատ ծառեր չորացել են:

Այսօր շենքի բակ են է եկել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Նա ուսումնասիրել է փաստաթղթերը և հայտարել, որ դրանցում իսկապես չկա թույլտվություն ծառահատման մասին:

«Քաղաքապետի ակտում ասված է, որ ընկերությունը պարտադրվում է բարեկարգման աշխատանքներ կատարել, բայց միայն երբ պատրաստ լինի և հաստատվի շենքի կառուցման նախագիծը:  Այլապես ինչո՞ւ տեղահան անել ծառերը, եթե նախագիծը հնարվոր է, որ չընդունվի: Ես երկրաբան եմ, թող ինձ չասեն, որ երկրաբանական ուսումնասիրություն անելու համար անհրաժեշտ է ծառերը հատել»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Կառուցողապատող ընկերությանը սատարում էին մի խումբ կանայք, ովքեր պայմանագրեր էին կնքել ընկերության հետ, քանդման հանձնել իրենց տները և հույս ունեն նոր կառուցվելիք շենքում բնակարան ստանալ: Այս կանանց կառուցոպատող ընկերության ներկայացուցիչները հորդորում էին «հուպ տալ» մյուս բնակիչների վրա:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության աշխատակիցներ, որոնք բնակիչներին դուրս են հրավիրել բակի տարածքից, որից հետո տեխնիկան մտել է բակը և սկսել կտրել ծառեր, որոնք շինարարական աշխատանքների արդյունքում չորացել են:

Շենքի բնակիչները  հունսի 2-ին ժամը 12.00-ին բողոքի ակցիա են անցկացնելու:

Tekali Taxi