Home / Հայաստան / Տան մեջ հավաքված 10 մարդը նույնասեռականության քարոզ չէ. օմբուդսմեն

Տան մեջ հավաքված 10 մարդը նույնասեռականության քարոզ չէ. օմբուդսմեն

Հաճախ հայաստանյան հասարակությունը մարդու իրավունքները ասոցացնում է նույնասեռականության հետ, դա առհասարակ «մարդու իրավունքներ» հասկացությունը հեղինակազրկելու փորձ է: Regnum գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով երևանյան DIY փաբի վրա մի քանի անգամ իրականացված հարձակումներին` օմբուդսմենը հայտարարել է. «Ինչ վերաբերում է բռնությանը, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, մենք միանշանակ դատապարտում ենք ցանկացած բռնություն: Հանցագործություն է կատարվել, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»:

Լրագրողի այն հարցին, որ շատ հայեր, այդ թվում` ազգայնական տրամադրված խմբերը, դեմ են ոչ թե նույնասեռականությանը, այլ գեյ-ակումբների և գեյ-շքերթների միջոցով նույնասեռականության քարոզմանը և որ արդյոք օրինաչափ և ճիշտ է նման քարոզը օմբուդսմենը պատասխանել է:

«Նախևառաջ չեմ կարծում եմ, որ բոլոր վերոնշյալ կետերը իրենց մեջ քարոզչության տարրեր են պարունակում: Եթե 10 հոգի հավաքվում է ինչ-որ տան մեջ կամ հաստատությունում, դա դեռ քարոզչություն չէ: Հենց այդ պատճառով, ես կցանկանայի առանձնացնել խմբերի, լինեն դրանք կրոնական փոքրամասնություն կամ մեծամասնություն, սեռական փոքրամասնություն կամ մեծամասնություն, որոնք պետք է հնարավորություն ունենան ազատ, օրենքի շրջանակներում կյանքի կոչել իրենց նախասիրությունները:

Յուրաքանչյուրն իր բարոյականության շրջանակներում կարող է ազատ լինել, անկախ նրանից, ինչպես են այլք վերաբերվում դրան: Ինչ վերաբերում է քարոզչությանը, շքերթների անցկացմանը, բուկլետների տարածմանը, ապա այդ հարցին էլ անհրաժեշտ է ընտրողաբար վերաբերվել, քանի որ անհրաժեշտ է պարզել` ինչին է ուղղված քարոզչությունը: Հարցը նրանում է, ինչ մեսիջ է ուղղված հասարակությանը: Եթե երեխային պորնոգրաֆիկ բնույթի նյութեր են ցույց տալիս, ապա ես դեմ եմ դրան: Դա արգելված է նաև օրենքով: Իսկ եթե խոսքը գնում է ազատությունների պաշտպանությանը, ես կողմ եմ, քանի որ դա պահանջում է ինչպես օրենսդրությունը, այնպես էլ Հայաստանի միջազգային պարտականությունները»:

Հարցին` արդյոք նախորդ շաբաթ «բազմազանության երթ» անցկացնելու փորձը քարոզչության տարրեր չէր պարունակում իր մեջ, Անդրեասյանը նշել է.

«Կազմակերպիչների խոսքով` ակցիան գեյ շքերթ չէր: Իմ կարծիքով , «բազմազանություն» հասկացության մեջ մտնում են և ազգայնականները, և կրոնական և սեռական փոքրամասնությունները: Այսինքն բոլոր նրանք, ովքեր նման չեն ուրիշներին, մեծամասնությանը: Ներկայումս մեծամասնությունից տարբերվող մարդիկ ասում են, որ ցանկանում են ապրել, աշխատել այս երկրում և պաշտպանված լինել:

Ինչ վերաբերում է այդ երթին, այստեղ ես տեսնում եմ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և ոչ նույնասեռականության քարոզչություն: Նրանք կարող են և ցանկանում են շատ մարդկանց տեսնել, ովքեր կիսում են իրենց հայացքները, սակայն չեմ կարծում, որ մարդիկ նույնասեռական են դառնում, երբ տեսնում են քաղաքում քայլող ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Վերջիվերջո խնդիրը չի լուծվում մյուսին վերացնելու միջոցով: Խնդիրը կարելի է լուծել խաղաղ մեթոդներով սեփական դիրքորոշման ներկայացման ճանապարհով: Հայերը հայ առաքելական եկեղեցի են այցելում ոչ թե կրոնական փոքրամասնություններին վնաս հասցնելու համար, այլ սեփական կամքով և սեփական ցանկություններին համապատասխան»:

Tekali Taxi