Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանն ընտրվեց, քվեարկության ժամանակ կնիքները չէին ցնդում (թարմացված)

Հովիկ Աբրահամյանն ընտրվեց, քվեարկության ժամանակ կնիքները չէին ցնդում (թարմացված)

12:50  ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր, որից 102-ը կողմ են քվեարկել, 4-ը`դեմ, 4 քվեաթերթիկ անվավեր  է ճանաչվել: Քվեարկությունը փակ գաղտնի է եղել: Երբ կնիքած ծրարներ են տվել պատգամավորներին քվեարկության մասնակցելու համար, պատգամավորներից ոմանք կատակել են. «Իսկ կնիքները չեն ցնդի՞»: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների մեկնարկից հետո պարզվեց, որ ընտրողների անձնագրերում դրվող կնիքները շատ կարճ ժամանակում անհետանում են, ինչը, ըստ ընդդիմության, կրկնակի ընտրության հնարավորություն էր ստեղծում` մեծացնելով ընտրակեղծիքների հավանականությունը:

11:30 ԱԺ հինգերորդ գումարման անդրանիկ նիստին Գագիկ Ծառուկյանի բացակայությունը պայմանավորված է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Պատասխանալով այն հարցին` արդյոք Ծառուկյանը Երևանում է, թե արտերկրում, Զոհրաբյանը նշել է, որ այս պահին չի կարող ասել, թե որտեղ է ԲՀԿ առաջնորդը, սակայն երեկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ-ական պատգամավորների հետ, նրանց բուռն գործունեություն է ցանկացել ԱԺ-ում և ասել, որ ԲՀԿ-ն ամենաակտիվն է լինելու խորհրդարանում:

11:10 Ազգային Ժողովը պաշտոնապես հաստատեց խորհրդարանի նախագահի ընտրությունների ժամը: Քվեարկությունը սկսվելու է 11:30-ին, արդյունքներն ամփոփվելու են 12:30-ից հետո:  Առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը:  Առաջադրումից հետո ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի և նրա տեղակալների ընտրություններին: Քանի որ բացակա էին ՀԱԿ-ի և Ժառանգության պատգամավորները, խորհրդարանի նախագահին կընտրեն երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը:

Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը իրենց ելույթներում կոչ արեցին Հովիկ Աբրահամյանին ընտրվելուց հետո քայլեր ձեռնարկել, որպեսզի քվեարկությունների ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկի միայն իր փոխարեն` այսպիսով հրաժարվելով նախկինում առկա պրակտիկայից: Հովիկ Աբրահամյանը ընդունել է , որ դա խնդիր է և նշել, որ կգտնի լուծումը: Նա խոստացել է հետևել, որպեսզի հետագայում նման դեպքեր չլինեն:

Նշենք, որ նիստին չի մասնակցում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

10:30 Այսօր ժամը 10:00-ին մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստը, որի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը տերունական աղոթք կարդաց: Նիստը նախագահում է 5-րդ գումարման ԱԺ-ի ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Առաջին Նիստին չեն մասնակցում Հայ ազգային կոնգրես դաշինքի և «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները: Ներկա են միայն 4 խմբակցությունների ներկայացուցիչները` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ:

Մկրտիչ Մինասյանն ընթերցեց բոլոր 131 պատգամավորների անունները, որին հետևեցին ծափահարություններ:

Իր ողջույնի խոսքում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին և, կարծում եմ, նաև լավ հիմք գալիք հինգ տարիների համար:

Կարծում եմ` մենք ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական ազդեցիկ ուժերը: Ուրախ եմ, որ նախորդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կրկին տեղեր ստացան օրենսդիր մարմնում, և շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսի մուտքը Հայաստանի խորհրդարան:

Այստեղ ներկա են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ: Այո՛, կլինեն բանավեճեր, միգուցե երբեմն նաև սուր, կլինեն համաձայնություններ տարբեր հարցերի շուրջ կամ յուրաքանչյուրը կմնա իր կարծիքին, կհասկանաք իրար, երբեմն` ոչ: Էականն այն նպատականերն են, հանուն որոնց մենք մտնում ենք քաղաքական բանավեճի դաշտ: Էական են նաև միջոցները, որոնք մենք ընտրում ենք նպատակներին հասնելու ճանապարհին: Իշխանության տարբեր, այդ թվում և խորհրդարանական լծակներին տիրապետելն, օրինակ, միջոց է բոլորիս համար կարևոր նպատակներին` Հայաստանի հզորացմանը, մեր ժողովրդի կենսամակարդակի կտրուկ ավելացմանը, արտագաղթի կասեցմանը, մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը և մյուս նպատակներին հասնելու ճանապարհին: Երբ միջոցները դառնում են ինքնանպատակ, կամ որ ավելի վատ է, երբ իրական նպատակները դառնում են միջոցներ, իսկ միջոցները` նպատակներ, խաթարվում է քաղաքական բանավեճի տրամաբանությունը, կորում է իմաստը:

Այո՛, նպատակը երբեք չի արդարացնում միջոցները: Սխալ միջոցներով ձեռքբերված նույնիսկ ամենալավ նպատակը, միևնույն է, ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք շատ բան ունենք սովորելու ցավոք հենց մեր սխալներից, և ուզում եմ հուսալ, որ ապագայում ավելի քիչ սխալներ կանենք:

Անձամբ ես տրամադրված եմ աշխատելու. և աշխատելու բոլորի հետ՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում: Հուսով եմ, որ աշխատելու ենք նոր եռանդով ու ոչ մի վայրկյան չենք մոռանալու, թե ինչի համար են մեզ ընտրել, ինչ ենք մենք խոստացել մեր ընտրողներին, թե ով է մեզ տվել այն իշխանությունը, որ այսօր մենք այստեղ ներկայացնում ենք»:

Tekali Taxi