Home / Հայաստան / ԱՄՆ սենատորն այսօր կհանդիպի ՀՀ նախագահին. մինչ այդ նա խոսել է Գյուլի և Սահակաշվիլիի հետ

ԱՄՆ սենատորն այսօր կհանդիպի ՀՀ նախագահին. մինչ այդ նա խոսել է Գյուլի և Սահակաշվիլիի հետ

Հունիսի 1-ին Հայաստան կայցելի ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս նահանգ): Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, սենատորը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգությանը և ներքին իրավիճակին առնչվող հարցեր:

Դիք Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների և կին քաղաքական առաջնորդների հետ:

Միացյալ Նահանգների Սենատում մեծամասնական դեմոկրատական խմբակցության թիվ երկու  ղեկավար դեմքը լինելուց զատ` Դուրբինը հանդիսանում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Նա նաև ընդգրկված է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում, որի իրավասության դաշտում են գտնվում Եվրոպայի, այդ թվում` Կովկասի հետ կապված հարցերը:

Ենթահանձնաժողովը զբաղվում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական Միության և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:

Նշենք, որ Դուրբինը Հայաստանում ավարտելու է իր տարածաշրջանային այցելությունը: Մինչ Երևան ժամանելը նա եղել է Ուկրաինայում, Թուրքիայում և Վրաստանում: Այս երկրներում Դուրբինը հանդիպել է նախագահներ Վիկտոր Յանուկովիչի, Աբդուլլա Գյուլի և Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Tekali Taxi