Home / Հայաստան / Վիրավորակա՞ն են «խեղկատակ»-ը և «դուք հայ չեք»-ը. «Մեկ ազգի» դեմ հայցը քննվեց

Վիրավորակա՞ն են «խեղկատակ»-ը և «դուք հայ չեք»-ը. «Մեկ ազգի» դեմ հայցը քննվեց

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Բայանդուր Պողոսյանի, Դանիել Իոնիսյանի և Հասմիկ Սիմոնյանի` «Մեկ ազգ» ազգայնական կազմակերպության դեմ ներկայացրած հայցի քննության վերջին նիստը:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Դանիել Իոնիսյանը, այսօրվա նիստին «Մեկ ազգի» ներկայացուցիչ Գոռ Թամրազյանը պատասխանել է դատարանի հարցերին և իր կարծիքը հայտնել, թե որքանով են հայցվոր կողմի հասցեին հնչեցրած արտահայտությունները, օրինակ, «գաղափարական վիժվածք», «խեղկատակ», «դուք հայ չեք» արտահայտությունները  վիրավորում նրանց արժանապատվությունը:

Թամրազյանը ասել է, որ ինքը կիսում է Facebook-ի իրենց էջում տեղադրված գրառումների գաղափարները, սակայն համաձայն չէ հայցվորների հասցեին հնչեցված այն վիրավորական բառերի հետ, որոնք տեղադրել է էջի ադմինը:

Իոնիսյանը ասել է, սակայն, որ եթե «Մեկ ազգի» ներկայացուցիչը համաձայն չէր ադմինի խոսքերի հետ, պետք է ջնջեր դրանք իր էջից:

««Մեկ ազգի» էջում շատ սուտ ինֆորմացիա է տեղադրվել, օրինակ, այն, որ ես դեմ եմ «Մեկ ազգի» պայքարին միասեռականների դեմ: Ես նման բան չեմ հայտարարել: Հարցն այն է, որ մեր բողոքը ստի դեմ պայքար է: Զրպարտանքի մի մաս է կազմում սուտը: Այդ պատճառով է, որ մեզ համար անհասկանալի է, որ քահանա էր եկել «Մեկ ազգին» պաշտպանելու: Մենք ոչ թե գաղափարական, կրոնական թեմաների հետ կապված հայց են բերել դատարան, այլ ստի դեմ»,- ասել է Դանիել Իոնիսյանը:

Հիշեցնենք, որ «Մեկ ազգ»-ը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ նշված քաղաքացիները, մասնավորապես, ասել են, թե նրանք դատապարտում են իր պայքարը աղանդների, սեռական փոքրամասնությունների դեմ, թե «գաղափարական վիժվածքներ» են և առանց միասեռեռականների չեն պատկերացնում Հայաստանը: Հայցվորները համաձայն չեն այդ հայտարարությունների հետ և պահանջում են խորհրդանշական 10 դրամ  փոխհատուցում` իրենց վիրավորանք հասցնելու համար:

Դատարանը այս դատական գործի մասին վճիռը կհրապարաի հունիսի 15-ին` ժամը 17:00-ին:

Tekali Taxi