Home / Հայաստան / Մարտահրավերները շատ են, պատասխանները` քիչ. Սաֆարյանը վերլուծում է Քլինթոնի այցը

Մարտահրավերները շատ են, պատասխանները` քիչ. Սաֆարյանը վերլուծում է Քլինթոնի այցը

Հունիսի 4-ին Երևան, իսկ հաջորդող օրերին Վրաստան (հունիսի 5), Ադրբեջան (հունիսի 6)  ու Թուրքիա (հունիսի 7) ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը դեռ շատ քննարկումների առարկա կդառնա: Հանրության համար հնչեցված պաշտոնական հայտարարություններում թե ԱՄՆ պետքարտուղարը, թե հայ պաշտոնյաները արդեն իսկ նշել են երկկողմ հետարքրություն ներկայացնող որոշ հարցերի շրջանակ: Սակայն քիչ հավանական է, որ զրուցակիցները բավարարվել են միայն դրանով, իր բլոգում (http://styopa-safaryan.livejournal.com) գրում է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Իր վերլուծականի «Նախագահական ընտրությունների քարտ-բլա՞նշ» գլխում Սաֆարյանը, մասնավորապես, անդրադառնում է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետևյալ հայտարարությանը` ուղղված Սերժ Սարգսյանին. «Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել և աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ»:

«Ի՞նչ է սա, եթե ոչ գալիք նախագահական ընտրություններում վերընտրվելու հայտ ներկայացրած Սերժ Սարգսյանին ուղղակի աջակցության պատրաստակամություն, եթե վերջինիս իշխանությունը համաձայնի շարունակել երկխոսությունը նշված ու չնշված հարցերի լուծումներ գտնելու ուղղությամբ:

Իհարկե, ընտրությունների կապակցությամբ բավականին երկիմաստ է Հիլարի Քլինթոնի հայտարարությունները: Նա նշել է, թե հանդիպել է իրավապաշտպանների հետ (ասել է թե` տեղյակ է ընտրությունների կապակցությամբ քննադատություններին), և ուրախ է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների բավական բարձր գնահատականների համար, որոնց համաձայն բոլոր թեկնածուներն հիմնականում ունեցել են հավասար մրցակցային պայմաններ: Սակայն նաև հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի հետ միասին կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների ուղին եւ հաջորդ ընտրություններն ավելի ժողովրդավարական ու թափանցիկ կլինեն: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի կատարելագործվել, և կհասնի «ընտրությունների՝ առանց ընտրակաշառքների»: Թե այդ ժամանակ ԱՄՆ վարչակազմը ընտրությունների ո՞ր բնութագրիչը (առաջընթա՞ց, թե՞ ընտրակաշառք) կհիշի, կախված կլինի ՀՀ իշխանությունների ընդունելիք որոշումներից, և ոչ թե, ցավոք, բուն ընտրությունների իրական որակից», – գրում է Սաֆարյանը:

Ամփոփելով Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցը` Սաֆարյանը հետևյալ հանրագումարի է գալիս. Վաշինգթոնը մտադիր է մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում ու իր կողմը գրավել տարածաշրջանի երկրներին, այդ թվում` Հայաստանին: ԱՄՆ-ը առաջարկում է ընդլայնել Հայաստանի հետ իր հարաբերությունները` դրանք դուրս բերելով ռազմավարական գործընկերության ուղեծիր: Պաշտոնական Երևանը նախնապես համաձայնություն է տալիս հարաբերությունների ընդլայնմանը` չհայտարարելով դրա առավելագույն սահմանը, բայցև ակնկալելով ոչ միայն ղարաբաղյան ու հայ-թուրքական հարաբերություններում սեփական պահանջների, այլ նաև իշխանության վերարտադրության հավակնությունների բավարարում:

«ԱՄՆ-ը կարծես թե պատրաստ է բավարարել դրանք, այդ թվում` պաշտոնական Երևանից չպահանջել հավելյալ բանակցություններ Անկարայի հետ, ճնշում գործադրել Անկարայի վրա (իսկ միգուցե դա հենց Վաշինգթոնի նպատա՞կն է, և կարիք չկա դրա համար խնդրել), աշխատել հայ-թուրքական սահմանի բացման ու Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չխախտել հավասարակշռությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների միջև, չշտապեցնել Հայաստանին` խնդրի արագ կարգավորման հասնելու հարցում, Բաքվին խիստ ուղերձ փոխանցել դիվերսիաներին վերջ տալու համար, չկապակցել ղարաբաղյան խնդրի կարգավորումը հայ-թուրքական գործընթացի հետ: Եվ հայ-թուրքական արձանագրություններից չհրաժարվելու ու տարածաշրջանային այլ հարցերում երկխոսությունը շարունակելու դիմաց Վաշինթոնը պատարստակամություն է հայտնում ընդունել Սերժ Սարգսյանի շարունակական առաջնորդությունը…

Թվում է, թե վերը արձանագրվածը Հայաստանի համար որևէ ռիսկեր չի պարունակում և դրանք կարող են միանգամայն համահունչ լինել Հայաստանի ու ԼՂՀ-ի կենսական շահերին (մի կողմ թողնվելով Սերժ Սարգսյանի «վերընտրության» տեսանելի գործարքը): Սակայն խնդիրը այն է, թե որքանո՞վ է պաշտոնական Երևանը տեսնում տարածաշրջանում գործընթացների տարածաժամանակային ողջ ընդգրկունությունն ու ծավալը, որքա՞ն ճիշտ է ախտորոշում իրավիճակն ու կատարում շահերի ճշգրիտ վերլուծություն: Սխալ ախտորոշում, շահերի սխալ վերլուծություն` և միանգամայն հավանական կդառան Հայաստանի ու Արցախի ցյուրիխյան ու մադրիդյան մղձավանջերի շարունակությունը: Կկարողանա՞ պաշտոնական Երևանը ճիշտ գնահատել ու կառավարել իրավիճակը, այդ դեպքում  հնարավորություն կստանա երկու խնդիրներով էլ փոխել գնացքի ռելսերը:

Վերջին  հաշվով ԱՄՆ պետքարտուղարի վերը հիշատակված առաջարկություն-հայտի բավարարումը մեծապես կախված կլինի նաև նրանից, թե աշնանը ի՞նչ առաջարկություն է իր հետ Հայաստան բերելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը…

Մարտահրավերները շատ են, պատասխանները` քիչ», – եզրափակում է Ստյոպա Սաֆարյանը:

Tekali Taxi