Home / Հայաստան / «Դրական առաջընթաց». Հ1-ը հերքեց Եհովայի վկաների մասին տեղեկատվությունը

«Դրական առաջընթաց». Հ1-ը հերքեց Եհովայի վկաների մասին տեղեկատվությունը

2012 թվականի հունիսի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն իր լրատվական հաղորդման ժամանակ հերքել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մասին տարածած սուտ տեղեկատվությանը: Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը` հերքման հեռարձակումը որակելով որպես հազվադեպ երևույթ:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և նրա ներկայացուցիչները հեռարձակեցին այն տեղեկատվության հերքումը, թե իբր Սևան քաղաքում իր ծնողներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող երիտասարդը առնչվում է Եհովայի վկաների կրոնական համայնքի հետ (սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 8-ին, որից հետո էլ եթերում հնչել է տեղեկատվությունը): Քանի որ ո՛չ այդ երիտասարդը, ո՛չ էլ նրա ծնողները երբևէ Եհովայի վկա չեն եղել, հրապարակված աղավաղված տեղեկությունը անարգական և վիրավորական էր Եհովայի վկաների համար:

Ըստ հաշտության համաձայնության պայմանների՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) հերքումը հեռարձակեց 2012թ. հունիսի 5-ին՝ երեքշաբթի օրը, լավագույն եթերաժամերին՝ 17:00-ին և 22:00-ին հեռարձակվող լրատվական ծրագրի առաջին 20 րոպեների ընթացքում: 2012թ. հունիսի 5-ից մինչև 2012թ. հունիսի 14-ը ընկած ժամանակահատվածում հերքումը կհրապարակվի նաև հեռուստաընկերության պաշտոնական վեբ կայքում (www.1tv.am)՝ առաջին 5 նորությունների շարքում», – ասված է կրոնական կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Կազմարեպությունը նշում է նաև, որ «ամբողջ աշխարհի Եհովայի վկաները հետևում են այս դրական առաջընթացին»:

«Ոչ ոք չի ցանկանում, որ իր մասին սուտ տեղեկատվություն հեռարձակվի, և մենք էլ բացառություն չենք, – այս առնչությամբ ասել է Նյու Յորքում Եհովայի վկաների գլխավոր վարչության խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը:- Կարևոր է, որ հայ հանրությունը լսի ճշմարտությունը Եհովայի վկաների մասին, և մենք ուրախ ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը քայլեր ձեռնարկեց շտկելու ստեղծված իրավիճակը»:

Tekali Taxi