Home / Հայաստան / Բանտարկյալը հրաժարվում է հացից և ջրից. պահանջում է արդար դատավարություն

Բանտարկյալը հրաժարվում է հացից և ջրից. պահանջում է արդար դատավարություն

16 տարի բանտում ցմահ ազատազրկման պատիժ կրող Մհեր Ենոքյանը հունիսի 11-ից հացադուլ է անելու. նա հրաժարվում է ոչ միայն ուտելիքից, այլև ջրից: Այս մասին Ենոքյանը հայտարարել է այսօր տարածած իր նամակում: Այսպես Ենոքյանն իր բողոքն է արտահայտում դատարանի կողմից իր դիմումը մերժելու փաստի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ամիսներ ձգձգված դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը մայիսի 17-ին մերժել է Ենոքյանի փաստաբանների ներկայացրած խնդրանքը` նորից քննել Մհեր Ենոքյանի գործը և նոր պատիժ սահմանել, քանի որ այն պատիժը, որ նա այժմ կրում է, օրենքի խախտումով է սահմանվել:  Համակուրսեցուն սպանելու մեջ մեղադրվող Ենոքյանը 1996թ. դատապարտվել էր մահապատժի, սակայն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել և սահմանվել նոր պատիժ` ցմահ ազատազրկում: Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, վկայակոչելով քրեական օրենսգիրքը, ասել է, որ դատավճիռ սահմանել նախագահն իրավունք չունի:

«Քանի որ հացադուլը համարում եմ վաղուց արժեզրկված բողոքի ձև Հայաստանում և ինքս էլ հազվադեպ եմ կիրառել այն, հայտարարում եմ, որ հունիսի 11-ից հրաժարվելու եմ թե՛ ջրից, թե՛ հացից: Որպես բժիշկների ընտանիքի զավակ և ինքս էլ թերի բարձրագույն բժշկական կրթությամբ` գիտեմ, որ այդպես մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը տասն օր: Հայտարարությունս խնդրում եմ ամենևին չդիտել որպես ճնշման փորձ դատարանի վրա: Պարզապես սպառվում են արդարության հասնելու բոլոր ճանապարհները: Նոր երևան եկած հանգամանքները վերջին հույսն են ապացուցելու, որ 16 տարի առաջ բացառապես մեկ մարդու ցուցմունքով են ինձ դատապարտել մահապատժի»,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին ողղված նամակում:

Tekali Taxi