Home / Հայաստան / Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի… ՀԱԿ-ը` սահմանին գրանցված միջադեպերի մասին

Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի… ՀԱԿ-ը` սահմանին գրանցված միջադեպերի մասին

Դիմելով մարդկային կյանքեր արժեցած բացահայտ դիվերսիայի, քստմնելի հանցագործության` Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին և միջազգային հանրությանը։ Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել հրադադարի խատման դեպքեր, ինչը հանգեցրել է ողբերգական հետևանքների։ Ադրբեջանի ռազմական մեքենան դիվերսիոն հարձակումներ է գործել սահմանային Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ բնակավայրերի շրջաններում, ինչի հետևանքով կան մարդկային զոհեր և ավերածություններ։ Դիվերսիոն հարձակումները ետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության հերոսներ են։ Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է զոհվածների հարազատներին և իր զորակցությունը հայտնում սահմանամերձ գոտու բնակիչներին։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Դրանցով նա խախտում է նաև ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու և լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի և ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Tekali Taxi