Home / Հայաստան / «Աղվան Հովսեփյանը նորից գրոհում է». գործարար եղբայրների հակամարտությունը

«Աղվան Հովսեփյանը նորից գրոհում է». գործարար եղբայրների հակամարտությունը

Մանվել և Վարշամ Ղարիբյան եղբայրների հակամարտությունը նոր թափ է հավաքել, «Աղվան Հովսեփյանը նորից գրոհում է» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը ներկայացնում է նաև հակամարտության պատմությունը` նշելով, որ այն կապված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անվան հետ և ձգվում է 5 տարուց ավելի: Մանվել և Վարշամ Ղարիբյան եղբայրները համատեղ հիմնադրել և կառավարել են պաղպաղակ ու հրուշակեղեն արտադրող «Շանթ» ընկերությունը, նրանց են պատկանում նաև«Եվրովագեն» ընկերությունը, «Շանթ» ռեստորանային համալիրը: Սակայն, տարիներ առաջ եղբայրների միջև ինչ-որ վեճ է ծագել, և նրանք դադարել են համատեղ գործունեությունը:

«Ղարիբյանների ընտանիքի անդամները բազմիցս հայտարարել են, որ եղբայրների միջև ծավալված հակամարտությունը հրահրել է Աղվան Հովսեփյանը: Վարշամ Ղարիբյանը համարվում է Հովսեփյանի հովանավորյալը, և հենց դրանով է բացատրվում այն իրողությունը, որ իրավապահներն ամեն ինչ անում են մյուս եղբորը` Մանվել Ղարիբյանին ճնշելու համար», – գրում է «ՀԺ»-ն:

Երեկ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի քննիչները խուզարկության նպատակով այցելել են Մանվել Ղարիբյանին պատկանող «Արմ-Սվիթ» ընկերություն, որը հիմնադրվել է այն բանից հետո, երբ «Շանթ» գործարանը բաժանվել է երկու եղբայրների միջև: «Արմ-Սվիթի» իրավաբան Բագրատ Վարդանյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ խուզարկությունն իրականացվել է Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի հատկանիշներով (ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը) հարուցված քրգործի շրջանակներում: Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազար դրամ վարչական տուգանքից մինչև երեք ամսվա կալանք:

Ըստ իրավաբանի, իրենց ընկերությունը մի քանի տարի շարունակ հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործել է «Մագիա» և «Կոնյակով» ապրանքանիշերը, բայց դրանք պաշտոնապես չի գրանցել: Արդյունքում այդ ապրանքանիշերը պաշտոնապես գրանցել է Վարշամ Ղարիբյանին պատկանող «Էկո-Ֆուդ» ընկերությունը: Ներկայումս այս երկու ընկերությունները դատարանում վիճարկում են այդ ապրանքանիշերը օգտագործելու իրավունքը:

«Քննիչը, անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանում դեռևս քննվում է այդ ապրանքային նշանների գրանցման հարցը, որոշել է քրեական գործ հարուցել»,- ասել է Վարդանյանը:

Քննիչը նաև որոշել է առգրավել ընկերության հաշվապահության համակարգիչները:

«Ընկերությունն առանց հաշվապահական համակարգիչների չի կարող հաշվապահություն վարել, հետևաբար` չի կարող նաև գործունեություն ծավալել: Ընկերության աշխատողները, այդ ամենի մասին տեղեկանալով, ինքնաբուխ սկսեցին բողոքել քննիչների գործողությունների դեմ: Հետո եկան Մալաթիայի բաժնի ոստիկանները, և ի վերջո` քննիչներին հաջողվեց առգրավել համակարգիչը», – պատմել է փաստաբանը:

Նրա խոսքով, երեկ ողջ օրը ընկերությունը չի գործել, և դեռ չեն որոշել` նման պայմաններում «Արմ-Սվիթը» կկարողանա՞ գործունեություն ծավալել ու սովորականի պես պաղպաղակ, տորթեր և հրուշակեղեն արտադրել, թե` ոչ: Ըստ Վարդանյանի, իրենք պատրաստվում են բողոքարկել քննիչների գործողությունները:

«Իհարկե, դժվար է ասել, թե այս` հերթական «ճակատամարտն» ինչպես կավարտվի, սակայն ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանն անցել է գրոհի և կրկին փորձում է ճնշել Մանվել Ղարիբյանին: Ի դեպ, գլխավոր դատախազը մինչ օրս շարունակում է շրջել Մանվել Ղարիբյանին պատկանող «Ֆոլքսվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայով: Այս առնչությամբ Վարդանյանը մեր թղթակցին ասել է. «Մեքենայի հետ կապված դատարան չենք դիմել: Միայն այսքանը կարող եմ ասել»», – գրում է թերթը: