Home / Հայաստան / Հրադադարի ռեժիմն ավելի քիչ են խախտում. Սեյրան Օհանյանը այցելել է Տավուշի մարզ

Հրադադարի ռեժիմն ավելի քիչ են խախտում. Սեյրան Օհանյանը այցելել է Տավուշի մարզ

Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

ՊՆ լրատվական ծառայությունը նշում է նաև, որ հունիսի 7-ից 8-ը Տավուշի մարզ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ:

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ գյուղերի բնակչության հետ:

«Ընդգծվել է, որ առաջնագծում տեղի ունեցած վերջին դեպքերը հերթական անգամ փաստեցին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած սադրանք անպատասխան չի մնում: Սեյրան Օհանյանը հավելել է, որ հակառակորդի ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվելու են համապատասխան գործողություններ:

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ուժերի հավասարակշռության, մեր զինծառայողների պատրաստվածության և մարտական բարձր ոգու շնորհիվ է, որ դիվերսիոն գործողություններ ձեռնարկած հակառակորդը, տալով կորուստներ, դիմել է փախուստի. «Մեր սահմանամերձ գյուղերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելու դեպքում դարձյալ խիստ ենք լինելու»,- ընդգծել է պաշտպանության նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև կայազորային հոսպիտալում գտնվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Շնորհակալության հայտնելով բարեխիղճ ծառայության, ցուցաբերած զգոնության և արիության, Հայրենիքի հանդեպ պարտքը արժանապատվորեն կատարելու համար` Սեյրան Օհանյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում», – հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Tekali Taxi