Home / Հայաստան / Իսպանիան և Իտալիան ֆուտբոլ խաղացին. Իռալնդիան մնացել էր 20-րդ դարում

Իսպանիան և Իտալիան ֆուտբոլ խաղացին. Իռալնդիան մնացել էր 20-րդ դարում

Եվրո-2012-ի երրորդ խաղային օրվա առաջին հանդիպմանը սպասում էին միլիոնավոր երկրպագուներ: Հունիսի 10-ին լեհական Գդանսկում հանդիպեցին Իսպանիայի և Իտալիայի հավաքականները, որոնք անցկացրեցին առաջնության առայժմ լավագույն հանդիպումը: Տեմպային, երկուստեք գրոհներով խաղը լարվածության մեջ պահեց մինչև վերջին րոպեն: Չնայած աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը` Իսպանիան, ֆավորիտ էր համարվում, իտալացիները չընկրկեցին, և հավասար պայքար մղեցին մոտ 70 րոպեների ընթացքում: Առաջին խաղակեսում Իտալիան նույնիսկ ավելի վտանգավոր էր գրոհում, և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը ստիպված էր մի քանի անգամ խաղի մեջ մտնել` փրկելով իր թիմին: Երկրորդ կեսում իսպանացիները ուժեղացրեցին ճնշումը, սկսեցին ավելի շատ պահել գնդակը, և արդեն իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սկսեց ծանրաբեռնվածոթյամբ գործել:

Իտալացիները, այնուամենայնիվ, վտանգավոր հակագրոհներ էին կազմակերպում: Դրվագներից մեկում Մարիո Բալոտելին խլեց գնդակը Սերխիո Ռամոսին և մեն-մենակ դուրս եկավ Կասիլյասի առջև, սակայն այնքան հապաղեց, որ Ռամոսը հասավ և դուրս մղեց գնդակը Բալոտելիի ոտքի տակից: Այդ պահին Իտալիայի հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելին կտրուկ քայլի դիմեց` փոխարինելով Բալոտելիին: Վերջինիս փոխարեն խաղադաշտ դուրս եկած Անտոնիո դի Նատալեն 61-րդ րոպեին օգտագործեց Անդրեա Պիռլոյի հրաշալի փոխանցումը` բացելով հաշիվը:

Իսպանացիներն ամբողջ թիմով առաջ նետվեցին և 3 րոպե անց վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը. Ինյետսա ու Սիլվան խաղարկեցին գնդակը տուգանային հրապարակի մոտ, վերջինս ճշգրիտ փոխանցում կատարեց Սեսկ Ֆաբրեգասին, ով գրավեց Բուֆոնի դարպասը:

Հանդիպման վերջին 20 րոպեների ընթացքում միայն Իտալիան սկսեց ակնհայտ երկրորդ համարով խաղալ` գրեթե փակվելով սեփական կիսադաշտում, իսկ իսպանացիները մի քանի իրական պահ կորցրեցին: Առնվազն երկու անգամ պարտավոր էր մրցակցի դարպասը գրավել փոխարինման դուրս եկած Ֆերնանդո Տոռեսը:

Իտալացիներին, սակայն, հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը և կարևոր միավոր վաստակել խմբի ֆավորիտների հետ խաղում:

Օրվա երկրորդ հանդիպումն անցավ Խորվաթիայի հավաքականի` իռլանդացիների նկատմամբ բացարձակ առավելությամբ:

Խորվաթները հաղթեցին Մարիո Մանջուկիչի երկու գոլերի և Նիկիցա Յելավիչի գնդակի շնորհիվ, իռլանդացիների կազմում աչքի ընկավ Սենտ-Լեջերը: Նշենք, որ կղզիաբնակները չափազանց թույլ թիմի տպավորություն թողեցին: Իռլանդիան պարզունակ բրիտանական ֆուտբոլ էր փորձում խաղալ` անընդհատ փոխանցումներ կատարելով տուգանային հրապարակ: Տպավորություն էր, որ իռլանդացիները մնացել են նախորդ դարի 70-80-ականներին, իսկ ֆուտբոլն առաջ է գնացել: Հարկ է նշել նաև, որ խորվաթները հաղթեցին` չկիրառելով իրենց հնարավորությունների 100 տոկոսը:

Այսօր Երևանի ժամանակով 20:00-ին կմեկնարկի վերջին` D խմբի առաջին խաղը` Ֆրանսիա-Անգլիա: 22:45-ին առաջին տուրը կավարտվի Ուկրաինա-Շվեդիա խաղով:

Լուսանկարները` AFP-ի և Reuters-ի

Tekali Taxi