Home / Հայաստան / Պետությունն անուղղակի նպաստում է մարդու իրավունքների ոտնահարմանը. նամակ Աղվան Հովսեփյանին

Պետությունն անուղղակի նպաստում է մարդու իրավունքների ոտնահարմանը. նամակ Աղվան Հովսեփյանին

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` կապված ազգայնականների կողմից D.I.Y ակումբի վրա հարձակման փաստերի հետ:

Կազմակերպությունը հայտարարության մեջ նշում է, որ 2001 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոխորհրդի անդամ՝ պայմանով, որ կիրականացնի մի շարք պահանջներ:

«Ըստ այդ չափանիշների, Եվրոխորհուրդ մուտք գործող երկրներում պետք է գործեն ժողովրդական սկզբունքները, լինի հարգանք մարդու իրավունքների հանդեպ, իրավահավասարություն` առանց խտրականության, ինչպես նաև երկիրը պետք է ունենա ազատ մրցակցային տնտեսական պայմաններ ու համապատասխանի մի շարք եվրոպական ստանդարտների: Այս առթիվ ՀՀ մի շարք օրենքներում  փոփոխություներ են մտցվել, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ մի շարք սկզբունքներ: Հայաստանի Հանրապետությունը հռչակելով իրեն որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, երաշխավորել է  օրենքի առջև բոլորի հավասար իրավունքները, արգելելով որևէ խտրականություն, որը ամրագրվել է ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածով, համաձայն որի`

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է», – ասված է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ-հայտարարության մեջ, որը Epress.am-ին տրամադրել է Հելսինկյան ասոցիացիան:

Իրավապաշտպան կազմակեպությունն ընդգծում է, սակայն, որ 2012  թվականի մայիս ամսին Հայաստանում տեղի ունեցած դեպքերը հիմնավորեցին, որ երկրում ոչ միայն ոտնահարվում են մարդու իրավունքները, այլև պետությունը անուղղակի նպաստում է դրան: Որպես օրինակ իրավապաշտպան կազմակերպությունը նշում է մայիսի 15-ին իրականացված Երևանի Ղ.Փարպեցի փողոցի վրա  գտնվող DIY ակումբի պայթեցումը, և ավելի ուշ ակումբի վրա իրականացված մի շարք այլ հարձակումները:

«Այս դեպքի առթիվ իրենց դիրքորոշումն են հրապարակայնորեն հայտնել քաղաքական մի շարք գործիչներ, որոնք իրենց հայտարարություններում ուղղակիորեն արդարացրել են քրեորեն արարք կատարած երիտասարդների հանցավոր գործողությունը, ընդ որում` ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչներ Հ.Կարապետյանը և Ա.Մինասյանն անձնական երաշխավորությամբ և գրավ մուծելով միջնորդել են կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու համար` այդպիսով ցույց տալով իրենց աջակցությունը, որի կապակցությամբ Ա.Մինասյանը հայտնել է. «Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, անդրադառնալով DIY ակումբում պայթյուն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու երիտասարդների գործողություններին, հայտնել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են            հայերիս         ազգային        նկարագիրը», – հիշեցնում է Հելսինկյան ասոցիացիան:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նամակում նշում է, որ փաստացի քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները առիթ հանդիսացան սեռական փոքրամասնությունների նկատմամբ հետագա անկարգությունների և անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորման համար` հիշեցնելով մայիսի 21-ին մշակութային բազմազանության միջազգային օրվա առթիվ  կազմակերպված «Բազմազանության երթը», որի մասին սոցիալական ցանցերով տարածվել էր ապատեղեկատվություն` խեղաթյուրելով երթի նպատակը` իբրև բազմազանության երթը  «միասեռականների շքերթի» ենթատեքստ ունի:

«Դրա հետևանքով ագրեսիվ տրամադրված մի խումբ երիտասարդներ «հայրենասիրության» լույսի ներքո, կազմակերպված կերպով հավաքվել էին Մ. Սարյանի արձանի մոտ` երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Արդյունքում վերջիններս ֆաշիստական լոզունգներով, հայհոյանքներով,  սպառնալիքներով, ֆիզիկական բռնության կոչերով և գործողություններով` խոչընդոտեցին երթի ընթացքը: Պետք է նշել, որ ոստիկանության աշխատակիցների ներկայությունն անգամ արգելք չի հանդիսացել, ագրեսիվ տրամադրված երիտասարդների անօրինական գործողություններին: Երթի վերաբերյալ բազմաթիվ տեսանյութերը հիմնավորում են թե «հակացույցի» կազմակերպված բնույթը, թե ֆաշիստական, ռասիստական ու բռնություն գործադրելու կոչերի առկայությունը: Այդ մասին են վկայում նաև Facebook սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերերի կողմից խաղաղ երթը ձախողելու և բռնություն  գործադրելու վերաբերյալ մեկ օր առաջ և երթից հետո տեղադրված կոչերը», – նշված է նամակում:

Հելսինկյան ասոցիացիան ընդգծում է, որ փաստացի  տեղի են ունեցել ՀՀ սահմանադրության 14.1. հոդվածով սահմանված և պետության կողմից պաշտպանվող հավասարության իրավունքի կոպիտ խախտումներ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 և  163 հոդվածներով նախատեսված քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես` սեռական փոքրամասնությունների նկատմամբ իրականացվել է ատելության բացահայտ քարոզչություն, բռնության կոչեր, սպառնալիքներ, խախտվել է քաղաքացիների իրավահավասարությունը և խոչընդոտվել է խաղաղ հավաք անցկացնելը:

«Ելնելով վերոգրյալից  պահանջում ենք օբյեկտիվ քննություն իրականացնել  DIY ակումբի հրկիզողների և հարձակվողների նկատմամբ, ինչպես նաև  իրականացնել համապատասխան միջոցառումներ քաղաքացիների իրավահավասարությունը խախտողների և «Բազմազանության երթի» անցկացմանը խոչընդոտող  կազմակերպիչներին ու մասնակիցներին հայտնաբերելու և  մեղավոր անձանց  պատասխանատվության ենթարկելու համար», – ընդգծում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Իրավապաշտպան կազմակեպությունը կից ներկայացրել է իր հայտարարության համար հիմք հանդիսացող նյութերի կրիչը:

Tekali Taxi