Home / Տեսանյութեր / Բանակում զոհված զինծառայողը պետք է թիկունքի զորքերում ծառայեր. հայտարարություն

Բանակում զոհված զինծառայողը պետք է թիկունքի զորքերում ծառայեր. հայտարարություն

2012 թ. հունիսի 1-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված զինծառայող 19-ամյա Սարո Սամվելյանի գործի փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ նա 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի հրամանով հաստատված «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգի» 89 դ կետի և նրա համար նշանակվել է ծառայություն թիկունքի զորքերում: Այս մասին նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:

«Սարո Սամվելյանը 2011 թվականի դեկտեմբերի 23-ին Գյումրիի զինկոմիսարիատից զորակոչվել է Հադրութի թիվ 38401 զորամաս: 2012 թվականի հունվարի 30-ին հրամանագրվել է որպես նշանառու: Լինելով ոչ շարային ծառայության մեջ՝ Սարո Սամվելյանը մարտի 30-ին տեղափոխվել է Խոջալու՝ մայիսի 9-ի տոնակատարության շքերթին նախապատրաստվելու նպատակով: Ավելին, այնուհետև նրան տեղափոխել են Հադրութի հենակետ, որը ընդգրկված չէ ոչ շարային ծառայության շրջանակներում», – նշվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ նշված միջոցառումներին նրա մասնակցությամբ խախտվել են Սարո Սամվելյանի իրավունքները և պահանջում է ՀՀ զինդատախազից, Հատուկ քննչական ծառայությունից իրականացնել պատշաճ քննություն, բացահայտելու, Սարո Սամվելյանին շարային ծառայության մեջ ներգրավելու, Հադրութի հենակետ ուղարկելու պատճառները և հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու մահվան մեղավորներին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Սարո Սամվելյանի մահվան փաստով կալանավորվել են երկու հոգի՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը և ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանը, ովքեր մեղադրվում են իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության և մարտակիան հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեջ:

Գործի առիթով քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել (ինքնասպանության հասցնելը):

Tekali Taxi