Home / Հայաստան / ՀԱԿ-ը նախագահի իր թեկնածուի մասին կխոսի «նախատեսված ժամանակին»

ՀԱԿ-ը նախագահի իր թեկնածուի մասին կխոսի «նախատեսված ժամանակին»

Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է և շարունակում է մնալ Հայ Ազգային Կոնգրեսի անվիճելի առաջնորդը, և այդ կարծիքը Կոնգրեսում կիսում են բոլորը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու Կոնգրեսի թեկնածուն գալիք նախագահական ընտրություններին:

«Տեր-Պետրոսյանն ունի լրջագույն հեղինակություն, և այդ գնահատականները տարածվում են նաև Կոնգրեսից դուրս: Հարցը պետք է այսպես դնել` ով կարող է  հաղթել բռնապետությանը, ապա պատասխանը պետք է փնտրել հետևյալում՝ ով կարող է իր շուրջը համախմբել առավելագույն չափով քաղաքական ուժերի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների: Եվ ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս առումով իր այլընտրանքը չունի», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Լրագրողները կրկին խնդրել են բանախոսին մեկնաբանել այլ քաղաքական ուժերի այն հայտարարութունները, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում, ինչին ի պատասխան Լևոն Զուրաբյան ասել է.

«Ի տարբերություն այդ բոլոր քաղաքական գործիչների և մեկնաբանների,  որոնք ավելի շատ զբաղված են շահարկումներով և հասարակական կարծիքի մանիպուլյացիաներով,  մենք լուրջ քաղաքական ուժ ենք, և նման կարևորագույն որոշում ընդունելու ենք այն  ժամանակ, որը դրա համար նախատեսված է: Եթե հիշում եք, 2007 թվականին իր առաջադրման մասին Տեր-Պետրոսյանը հայտնեց  2007 թվականի հոկտեմբերի 26-ին՝ հանրահավաքի ժամանակ: Եվ նա այդ օրն է ընդունել որոշում առաջադրման մասին: Եթե ինքը նման որոշում ընդուներ 2007 թվականի հունիսին, դա ուղղակի լուրջ չէր լինի:  Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է, Հայ Ազգային Կոնգրեսը լուրջ քաղաքական ուժ է, և, ի տարբերութուն անլուրջ քաղաքական ուժերի, մենք գիտենք` երբ է գալիս այդ հարցին պատասխանելու ժամանակը», – հավելել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi