Home / Հայաստան / Կիբերհանցագործությունների դեմ. նախարարը 2013-ին հուսալի համակարգ է խոստանում

Կիբերհանցագործությունների դեմ. նախարարը 2013-ին հուսալի համակարգ է խոստանում

2013  թվականին պետական համակարգում կներդրվի համակարգչային հուսալի և անվտանգ համակարգ: Այս մասին այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ տարսնպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը` անդրադառնալով հաքերային հարձակումների և համակարգչային վարակների մասին հարցին:

Նա իր խոսքում նշել է, որ մշակված ծրագրի նպատակը հիմնականում հետևյալն է` ստեղծել հուսալի համակարգեր և համակարգչային փաթեթներ, քանի որ ներկա փաթեթները հին են կամ արդիական չեն:

«Երկրորդ` մենք բոլորս գիտենք, որ չունենք համապատասխան  համակարգչային  գիտելիքներ, որ կարողանանք այդ բոլորի դեմ պայքարել: Կիբեր հանցագործությունը շատ արդիական ժամանակակից հանցագործություն է, որը տարածված է  ամբողջ  աշխարհում: Շատ երկրներ, այդ թվում` մեր երկիրը, ճանաչվել է որպես  խոցելի այդ առումով, դրա համար մշակեցինք այս ծրագիրը, մշակվեց ժամանակացույցը, միջոցառումների  ցանկը, 2013 թվականի ընթացքում այդ բոլորը կներդրվի»,- ասել է Մանուկ Վարդանյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` պետական համակարգում պարտադիր պետք է տեղադրեն վերոնշյալ համակարգը, նա  խորհուրդ է տալիս  մասնավոր  դաշտին ևս առաջնորդվել այս միջոցառումների իրականացմամբ:

«Ցանկալի կլինի, որ 100 տոկոսով կարողանանք դրա դեմ պայքարել, թե ինչքան  կլինի, կյանքը ցույց կտա, որովհետև տեխնիկան առաջ է գնում, տեխնոլոգիաներ են մշակվում և նման գործով զբաղվող,այսպես կոչված, հաքերները, ևս պարապ նստած չեն, իրենք ևս աշխատում են այդ ուղղությամբ: Դա ամբողջ աշխարհի խնդիրն է, միայն Հայաստանինը չի»,- հավելել է Մանուկ Վարդանյանը:

Tekali Taxi