Home / Հայաստան / Աղմկահարույց պատմություններ. ի՞նչ է սպասում ձերբակալված ՔԿՎ նախկին պետին

Աղմկահարույց պատմություններ. ի՞նչ է սպասում ձերբակալված ՔԿՎ նախկին պետին

Երեկ ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, ով կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ: 72 ժամվա ընթացքում կամ նրան մեղադրանք կառաջադրվի և կքննարկվի խափանման միջոցը կամ նրան պետք է ազատ արձակեն:

ԱԱԾ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արծվին Բաղրամյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ Հովհաննիսյանին ձերբակալել են ԱԱԾ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում: Ըստ Բաղրամյանի, Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու համար: Գործի շրջանակներում Հովհաննիսյանը միակ ձերբակալվածը չէ: Այլ մանրամասներ Բաղրամյանը չի հայտնել` նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է:

Թերթն իր հրապարակման մեջ ներկայացնում է Սամվել Հովհաննիսյանի հետ կապված աղմկահարույց պատմությունները: Նա 2001-2006 թթ. ղեկավարել է  Քրեակատարողական վարչությունը, և աշխատանքից ազատվել 2006 թվականի հունիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Այդ օրերին մամուլը գրել է, որ Հովհաննիսյանին ազատել են ոլորտում հսկայական չարաշահումներ կատարելու պատճառով:

«ՀԺ»-ն նշում է, որ Հովհաննիսյանի անվան հետ բազմաթիվ դեպքեր են կապում: 2006 թվականի մայիսի 20-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Նիկոլայ Ս-ն: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազությունում քննվող քրեական գործերից մեկում ներգրավված մեղադրյալներից էր: Ըստ մամուլի հրապարակումների, մինչ ինքնասպանությունը Նիկոլայ Ս-ն սկսել էր ցուցմունքներ տալ` դառնալով շատ կարևոր մեղադրյալ, իսկ նրա ցուցմունքներում արծարծվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնց կատարված չարաշահումների հետևանքով պետությանը 5 միլիարդ դրամի վնաս էր հասցվել: Ըստ տարածված լուրերի, ինքնասպանություն գործած դատապարտյալը պաշտոնյաների շարքում նշել էր նաև ՔԿՎ պետի անունը:

2006 թվականի ապրիլի 26-ին 14 տարի ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ծեծի էր ենթարկել քննիչ Ա.Ղազարյանին, իսկ ապրիլի 29-ին մի խումբ անձինք Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ մահակներով դաժան ծեծելով պատժել էին Այվազյանին:  Թերթը նշում է, որ Հովհաննիսյանը տեղի ունեցածը չէր հերքել, ավելին` ասել էր, որ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը թույլ է տալիս ծեծով պատժել կալանավորին, ինչը, իհարկե, ճիշտ չէ:

Հովհաննիսյանի դեմ անգամ քրեական գործ էր հարուցվել: 2007-ին նա մեղադրվել էր մարդ առևանգելու և փրկագին պահանջելու մեջ: Նա կալանավորվել էր և 5 ամիս մնացել էր կալանքի տակ, սակայն նրա դեմ հարուցված գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով:

Թերթը գրում է, որ պաշտոնանկությունից հետո Հովհաննիսյանը, ով Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի խնամին է, զբաղվում էր կառուցապատմամբ, և այն շենքի բնակիչները, որը կառուցել էր Հովհաննիսյանի ընկերությունը, բողոքում էին, որ շենքը ժամանակին չի հանձնվել շահագործման:

Հովհաննիսյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը, ով պաշտպանում էր նաև 4 տարի ազատազրկման դատապարտված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի շահերը, «ՀԺ»-ի հարցերին հրաժարվել է պատասխանել` նշելով միայն, որ Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք չեն առաջադրել:

Tekali Taxi