Home / Հայաստան / Փլուզման եզրին գտնվող տների բնակիչների փոխհատուցման գումարն ավելացրել են

Փլուզման եզրին գտնվող տների բնակիչների փոխհատուցման գումարն ավելացրել են

Երևանի Արշակունյաց 32 հասցեում կառուցվող զվարճանքի և առևտրի կենտրոնի կառուցապատման պատճառով վտանգի տակ հայտնված հարակից տներից մեկի բնակիչներին որպես փոխհատուցում տրվող գումարը բարձրացրել են:

Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կույբիշև 9/3 տան բնակչուհի Թամարա Մինասյանը: Նա նշել է, որ նախկինում իրենց տալիս էին 50 000 դոլար 100 քառակուսի մետրի համար, իսկ այժմ` 58 հազար դոլար, և իրենք այս պահին ստիպված բնակարան են փնտրում, քանի որ իրենց տունը փլուզման վտանգի տակ է:

Նշենք, որ այս պահին Մինասյանները լքել են իրենց տունը, քանի որ շուրջը շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 5-ի երեկոյան Միանսյանը Epress.am-ին տեղեկացրել էր, որ իրենց տանը ճաքեր են գոյացել, իսկ տան տակի հողի մի շերտն արդեն պոկվել է և սողանք է առաջանում: Նշենք, որ առևտրի կենտրոնը կառուցվում է բնակիչների տներից 4-5 մետր հեռավորության վրա:

Շինարարություն իրականացնող «Շենտավր» ընկերության ղեկավար Գարեգին Մկրտչյանը, իմանալով այդ մասին, տարածքի  բնակիչներին հորդորել էր հինգ-վեց օր չգտնվել իրենց տներում՝ մինչ փորման աշխատանքների ավարտը՝ խոստանալով, որ այս ընթացքում իրենք կվերականգնեն վնասված հատվածը, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել: Փոխարենն ինչ-որ չափով բարձրացրել են փոխհատուցման գումարը:

Tekali Taxi