Home / Հայաստան / «Դավայ դոսվիդանյա» հոլովակի հեղինակին ձերբակալել են Ադրբեջանում

«Դավայ դոսվիդանյա» հոլովակի հեղինակին ձերբակալել են Ադրբեջանում

Ադրբեջանում ձերբակալվել է «Tolishi Sado» (Թալիշի ձայն) թալիշերեն կայքի և թերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Գիլալ Մամեդովը: «Այսօր նա առևանգվել է անհայտ անձանց կողմից»,- ասված է խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կողմից տարածած հայտարարության մեջ, գրում է Contact.az-ը:

Գիլալ Մամեդովը վերջերս համացանցում լայն տարածում գտած «Դավայ դոսվիդանյա» (Давай до свиданья) վիդեոսյուժեի հեղինակն է: Մամեդովը նկարահանել էր այդ տեսահոլովակը և տեղադրել համացանցում, որից հետո  ռուսաստանյան հեռուստաալիքները այդ մասին մի շարք ռեպորտաժներ էին նկարահանել, իսկ Twitter միկրոբլոգում շատ արագ հեշ-թեգ էր դարձել #путинтыктотакойдавайдосвидания արտահայտությունը:

Ինչպես հաղորդել են Մամեդովին մոտ կանգնած աղբյուրները, նա տանից դուրս է եկել առավոտյան մոտավորապես 10-ին: 11:30-ին Մամեդովը տուն է զանգահարել, և հայտնել, որ կվերադառնա 30 րոպեից, դրանից հետո նա անհետացել է:

14:00 -15:30-ը նրա հեռախոսազանգերին պատասխանել մի տղամարդ, ով ասել է, որ Գիլալ Մամեդովը չի կարող մոտենալ հեռախոսին, քանի որ բժիշկը հետազոտում է նրան: 15:30–ից հետո բջջայինն անջատված է եղել: 16:20-ին Մամեդովի եղբոր զանգին պատասխանելով, ինչ-որ մեկը հաղորդել է, որ Գիլալը ոստիկանությունում է, և ոչ մի բացատրություն չի հաջորդել:

Միայն 17:30-ին մայրաքաղաքային ոստիկանությունում հաստատել են Մամեդովի ձերբակալությունը`նշելով, որ նա մեղադրվում է թմրանյութերի ապօրինի պահման մեջ:

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը սա որպես ճնշում է որակում քաղաքացիական ակտիվիստի վրա և պահանջում է իշխանություններից անմիջապես ազատ արձակել Մամեդովին:

Ինչպես նշում է Contact.az կայքը, երեկոյան 20:00-ին խուզարկում է տեղի ունեցել Մամեդովի տանը: Ընտանիքի անդամների  խոսքով` քննիչները թմրանյութ են գցել բնակարան, որն էլ ավելի ուշ «գտել են»:

Ինչպես նշում է կայքը, Գիլալ Մամեդովը ընդհանրապես չի ծխում:

Tekali Taxi