Home / Հայաստան / ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծում է ՀՀԿ-ականը

ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծում է ՀՀԿ-ականը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հակված է մտածել, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Այնուամենայնիվ, Զոհրաբյանն առաջարկել է սպասել, քանի որ, նրա խոսքով, մինչև փետրվար դեռ շատ ջրեր կհոսեն:

«Թեկնածուների մասին խոսելը դեռ շուտ է: Կարող եմ ասել, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Մենք դա շուտ ենք հայտարարել, դեռևս ԲՀԿ-ի հետ միասին հուշագիր ստորագրվեց, որ 2013 թվականին պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը», – ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա ընդգծել է, որ թեև ԲՀԿ-ն կոալիցիա կազմելուց հրաժարվել է, բայց ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը որևէ հայտարարություն չի արել հուշագրից հրաժարվելու մասին:

Լրագրողների այն հարցին, թե  Զոհրաբյանն ինչից ելնելով է ասում, որ ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին, բանախոսը պատասխանել է.

«Երբ համադրում ենք, համեմատում ենք աշխարհի տարբեր պետություններում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների հետ, թե ովքեր են գալիս, ընդդիմություն դառնում, հետո նորից շուռ են գալիս, իշխանություն դառնում… այսինքն, կա նաև նման մոտեցում` կառուցողական, այլընտրանքային ուժ, որ չի ուզում լինել զուտ ողորկ,  ընդդիմադիր ուժ: Այժմ իրենք իրենց տեսնում են պետականամետ, պետություն կառուցող ուժ` հավասարակշռված, ստաբիլ: Եվ  քանի որ այդ տեղը զբաղեցրել է  ՀՀԿ-ի մեծամասնությունը,  բնականաբար, նրանք չեն ուզում դառնալ մյուս ընդդիմադիր ուժերի նման ընդդիմություն, և  դրա համար իրենք ասում են` «ո’չ ընդդիմություն, ո’չ իշխանություն»` այլընտրանքային»,- ասել է Զոհրաբյանը:

Tekali Taxi