Home / Հայաստան / Գյումրիի քաղաքապետի որդին կապ ունի՞ «Տեքստիլի Պետիկի» դանակահարության հետ

Գյումրիի քաղաքապետի որդին կապ ունի՞ «Տեքստիլի Պետիկի» դանակահարության հետ

Հունիսի 23-ին սուր ծակող-կտրող գործիքից ստացած վնասվածքներով Գյումրու Գյուլպենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Տեքստիլ թաղամասի բնակիչ Պետրոս Նազարյանը, ով Գյումրիում հայտնի է որպես «Տեքստիլի Պետիկ», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Բժիշկների բնորոշմամբ՝ Պետիկի վիճակն այժմ միջին ծանրության է: Նա վերքեր է ստացել ուսի և սրունքի հատվածներում ստացած դանակի հարվածներից:

Թերթի տեղեկություններով՝ հարվածները նա ստացել է վիճաբանության, ապա կռվի հետևանքով: Գյումրիում ծեծկռտուքի և դանակահարության հետ կապված տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անունը:

ՀՀ ոստիկանությունում այս տեղեկատվությունը թերթի հետ զրույցում չեն հաստատել՝ նշելով, որ ներկայումս նյութեր են նախապատրաստվում:

«ՀԺ»-ն նշում է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Պետիկը դրսից քրեական աշխարհում ինչ-որ հեղինակությունների է Գյումրիում ընդունել և հյուրասիրել, ինչը դուր չի եկել Սպարտակին: Ընդ որում՝ Պետիկի անունը ևս շատ գողական ռազբորկաներում և վիճաբանություններում հայտնի է: Բուժող բժիշկները նրան հիշել են որպես անցյալում էլի նման դեպքերի ակտիվ մասնակից:

Ուշագրավ է, որ Գյումրիում տեղի ունեցած այս դանակահարությունը ոստիկանությունը չի ներառել իր քրեական ամփոփաթերթիկում, գրում է «ՀԺ»-ն ու եզրակացնում, որ սա հիմք է տալիս ենթադրելու, որ կատարվածը «սովորական» դանակահարություն չէ, և տեղի իրավապահները ձգտում են այս գործը կոծկել՝ վիճաբանության մասնակիցներին չբացահայտելու համար:

Tekali Taxi