Home / Հայաստան / Ինչու են փրկարարները անզոր Սևանում

Ինչու են փրկարարները անզոր Սևանում

Հունիսի 1-ից Հայաստանում բացվել է հանգստի սեզոնը, և դեպի Սևան մարդկանց հոսքի աճին զուգահեռ՝ Արտակարգ իրավիճակների ջրափրկարարական հատուկ ջոկատը սկսել է շրջայցեր իրականացնել լողափերում: Ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը հունիսի 26-ին հանդիպել է լրագրողների հետ և տեղեկացրել, որ այս տարի ևս իրենց ստորաբաժանումը պատրաստ է ընդունելու հանգստացողներին:

Այս տարի ջրահեղձման դեպքեր չեն եղել: Փրկարարական ջոկատի «38 աշխատակիցները անում են ամեն ինչ, որ դեպքեր ընդհանրապես չլինեն, բայց իրենք ամենակարող չեն: 38 աշխատակիցները բոլոր լողափերում հսկողություն իրականացնել ֆիզիկապես չեն կարող, հատկապես, որ այս տարի հանրային լողափերի թիվն ացվելացել է հինգով: Այս բոլոր լողափերում ևս պետք է իրականացվի հսկողություն, բայց եղած միջոցները ու աշխատուժը ջրափրկարարական ջոկատին այդ հնարավորությունը չեն տալիս»:

Ըստ փրկարարի՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ դեպքերը հիմնականում լինում են երեկոյան, երբ հանգստացողներն արդեն գինովցած են լինում ու որոշում են նստել մոտորանավակներ, ջրային հեծանիվներ, չեն հետևում վարման կանոններին ու որպես հետևանք ունենում ենք ջրահեղձման դեպքեր:

Մկրտչյանը վստահեցնում է, որ վարելուց առաջ մարդկանց տեղյակ են պահում շահագործման կանոնների մասին, բայց միևնույն է, դեպքերի մեծ մասը շահագործողների անփութության պատճառով է տեղի ունենում:

Նա տեղեկացրել է նաև, որ Սևանն ունի մոտ 200 լողափ, բայց ջրափրկարարական հատուկ ջոկատը վերահսկում է միայն 19-ը: Մյուս լողափերում հանգստաղոցների անվտանգության մասին պետք է հոգ տանեն տարածքների վարձակալողները: 2004-ին կառավարությունը որոշում է ընդունել, որ բոլոր լողափերում պետք է լինեն ջրափրկարարական կետեր ու փրկարարներ: Միայն այդ դեպքում է նրանց թույլատրվում շահագործել լողափը:

«Բայց հիմա միշտ չէ, որ այդպես է: Եթե լողափը վարձակալողը չի մտածում իր հանգստացողների անվտանգության մասին, ջրափրկարարական ջոկատը ոչինչ անել չի կարող, թող աշխատակիցներ ընդունեն գոնե 6 ամսով, աշխատուժով ապահովեն, իրենք էլ փրկեն մարդկանց: Աշխատուժ չի ավելացել, բայց տեխնիկապես վերազինվել են», – ասել է մասնագետը:

Այս տարի արդեն հասցրել են փրկել երկու եղբայրների, բայց Սամվել Մկրտչյանն ասում է, որ փրկարարների կարիք ամենևին էլ չի լինի, եթե մարդիկ հետևեն անվտանգության տարրական կանոներին ու մասնագետների խորհուրդներին. խորը տեղերը չլողան, հարբած չմտնեն ջուրը, ուշադիր լինեն երեխաների հանդեպ:

Tekali Taxi