Home / Հայաստան / Նախկին քաղբանտարկյալը կցանկանար, որ իրեն վճարեր դատավորը, ոչ թե պետությունը

Նախկին քաղբանտարկյալը կցանկանար, որ իրեն վճարեր դատավորը, ոչ թե պետությունը

Նախկին քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանը կցանկանար, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով իրեն հասանելիք գումարը տրամադրվեր ոչ թե պետության գանձարանից, այլ դատավորի գրպանից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Մալխասյանը:

«Ճիշտ կլիներ այդ դատավորին պիտի գործից ազատեին, եթե նա երեք-չորս այդպիսի վճիռներ է կայացնում, որ Եվրոպական դատարանը բեկանում է», – ասել է ՀԱԿ անդամը: Նշենք, որ Մալխասյանի գործով դատավորն է եղել Մնացական Մարտիրոսյանը. 2006 թվականին Մալխասյանին մեղադրանք էին առաջադրել և հետագայում դատապարել սահմանադրական կարգը տապալելուն ուղղված բռնության կոչեր անելու համար (301 հոդված): Նա անազատության մեջ էր անցկացրել 2 տարի` 2006-ի դեկտեմբերի 9-ից մինչև 2008-ի դեկտեմբերի 10-ը: Նույն գործով մեղադրվել էր նաև Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Որպես մեղադրանքի հիմք էին ընդունվել նրանց հրապարակային ելույթները:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալը նշել է, որ ինքը երկու հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մեկը` կապված իմ խափանման միջոցի հետ: Նշել էինք, որ խափանման միջոցը սխալ է կիրառվել, ինձ վեց ամիս անհիմն կալանքի տակ են պահել: Մյուսն ուղարկել ենք ամբողջ քրեական գործի հետ կապված, որովհետև քրեական գործն էլ էր շինծու: Հետագայում էդ հոդվածը, որով ինձ դատապարտեցին, ՍԴ-ն փոխեց: Գտան, որ այդ հոդվածի մեջ սխալ դիսպոզիցիաներ կան: Եվրադատարանը վճիռը կայացրել է խափանման միջոցի հետ կապված, ամբողջ քրեական գործը դեռ չի նայել ԵԴ-ն: Մենք հայցի մեջ հատուցման համար պահանջել էինք 110 000 եվրո, բայց իրենք հատկացրել են 4500:  Ես մտահոգ չեմ, որ քիչ են հատկացրել, ես ուղղակի մտածում եմ, որ կարևորը, որ իմ նկատմամբ սխալ խափանման միջոց են կիրառել: Փաստ է, որ ՀՀ իշխանությունները գործում են իրենք իրենց դեմ, իրենց պետության ու ժողովրդի դեմ, որովհետև մենք դատի ենք տալիս ոչ թե դատարաններին, այլ Հայաստանի Հանրապետությանը,  և էդ փողերը, որ պետական գանձարանից վերցնում են, դա իմ, քո, ժողովրդի փողերն են, դա մեր հարկատուների փողերն են: Հիմա այս երկրում արդարադատություն չկա, հայ ժողովուրդը տուժում է: Եթե դա չկա, մնացած ոչ մի բան էլ չի կարող լինել, դրանք բոլորը ածանցյալ են»,- ասել է Վարդան Մալխասյանը:

Նա ընդգծել է, որ վճռից մասամբ գոհ է, բայց դժգոհ է Հայաստանի արդարադատության համակարգից, քանի որ երկրի ներսում հնարավոր չէ հասնել արդարության, քանի դեռ դատարաններն իշխանության կցորդն են և քաղաքական երանգ ունեցող գործերը քննում են ՀՀ նախագահի նստավայրից ստացած հրահանգով:

Tekali Taxi