Home / Հայաստան / Եվրամիությունը Հայաստանի համար առայժմ գումար չի հավաքի. պատճառը ընտրություններն են

Եվրամիությունը Հայաստանի համար առայժմ գումար չի հավաքի. պատճառը ընտրություններն են

Եվրամիությունը առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, և այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է կառույցի՝ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն։ 

Նույն պաշտոնյան խորհրդարանական ընտրություններից առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին, «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել էր, որ պաշտոնական Բրյուսելը շատ է տպավորված արդար և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների խոստումներից և պատրաստ է այդ ընտրություններից հետո միջազգային համաժողով անցկացնել և գումարներ հավաքել՝ Հայաստանին օժանդակելու  համար։

«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին՝ 2013-ի նախագահական ընտրություններն ազատ և արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի՝ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաև՝ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին է՛լ ավելի աջակցելու և մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ», – ասում է Եվրամիության ներկայացուցիչը։

Վերոնշյալ միջազգային հավաքները, որպես կանոն, մի հարկի տակ են հավաքում ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող կազմակերպություններին՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, և այլն, ինչպես նաև զարգացած երկրների ներկայացուցիչներին, որոնք ծանոթանում են դժվարին իրավիճակում գտնվող այս կամ այն երկրի խնդիրներին և գումարներ ու ծրագրեր են առաջարկում՝ դրանք լուծելու համար։ 2001 թվականին Փարիզում անցկացված այդօրինակ համաժողովում, օրինակ, Հայաստանը 620 միլիոն դոլարի նոր վարկեր և օժանդակություն ստացավ միջազգային կառույցներից՝ աղքատությունը կրճատելու համար։

Թե որքան գումար կարող է հավաքվել այս՝ դեռևս նախապատրաստվող համաժողովի ընթացում, Եվրամիության ներկայացուցիչը դժվարացել է նշել, սակայն ընդգծել է, որ դրանից առաջ Հայաստանի իշխանությունները դեռ պետք է մի շարք քայլեր կատարեն։

«Անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար»,  – ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը:

Նրա խոսքով` բացի դա, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ամրապնդել դատական համակարգի անկախությունը»։

Tekali Taxi