Home / Հայաստան / Զինծառայողին սպանել են, մահացած վիճակում պահել են հոսպիտալում, պնդում է մայրը

Զինծառայողին սպանել են, մահացած վիճակում պահել են հոսպիտալում, պնդում է մայրը

Հադրութի 30/41 զորամասում 1 տարի 6 ամիս ծառայած Արթուր Ղազարյանի դիակը  բերել են տուն` Հայաստանի Մարտունի քաղաք` բարեկամներին ասելով, որ նա մահացել է գլխուղեղի արյան զեղումից, սակայն ծնողները և հարազատները համոզված են, որ տղան մահացել է ականջի հետևի հատվածում ստացած ինքնաձիգի կոթով հարվածից: Տղային ուղղաթիռով Մարտունի բերելուց հետո տարել են քաղաքի հոսպիտալ, որից 3 օր հետո հանձնել ծնողներին:

Այսօր ՀՀ կառավարության մոտ բանակում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիային միացել էր նաև Արթուրի մայրը` Իրինա Ղազարյանը, ով Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իր որդուն սպանված պահել են Մարտունի հոսպիտալում` հարազատներին ասելով, որ դեռ կյանքի հույսեր կան: Դիակին արհեստական շնչառություն են տվել, ինչը ցույց է տվել դիահերձման արդյունքում տղայի խաշված շնչուղիները:

«2010 թվականի դեկտեմբերին հոսպիտալ բերեցին որդուս դին, ասեցին, թե կենդանի, սակայն արդեն կապտած էր բերանը, եղունգները, մեջքն արյան մեջ էր: Հրամանատարը եկավ Հադրութից, ասաց, որ չասեն, թե Արթուրը զորամասում է մահացել, ասեն, գոսպիտալում է մահացել», – ասել է Ղազարյանը:

Մայրը պատմել է, որ իր որդին առողջ է եղել, նա գլխուղեղի ուռուցք չի ունեցել, ինչպես գրված է դատափորձագիտական եզրակացության մեջ, որը, ի դեպ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը տրվել է դեպքից մինչև 29 օր հետո, ինչը պահանջվում  է օրենքով, այլ 105 օր հետո:

«Դիակի նկարներում էլ պարզ երևում է ավտոմատի հարվածի տեղը: Որդուս սպանել են զորամասի հրամանատար սպանները` Մարտինը, Անդրեյը և Ալեքսանյանը (կինը առաջին երկուսի ազգանունները և վերջինիս անունը չգիտի-խմբ.): Հեռախոսով ինձ Մարտինն է պատասխանում, ասում է` «մենք քանի՞ սպա ունենք, որ մեկին էլ դատել տանք», – ասել է Իրինա Ղազարյանը:

Նրա խոսքով` իր մյուս որդին երկու օր առաջ է զորացրվել և պայքարելու է, որպեսզի եղբոր սպանությունը բացահայտվի:

Tekali Taxi