Home / Հայաստան / Ինչու են Գագիկ Բեգլարյանի եղբորը թույլ տալիս Աբովյան փողոցում սրճարան բացել

Ինչու են Գագիկ Բեգլարյանի եղբորը թույլ տալիս Աբովյան փողոցում սրճարան բացել

Մաշտոցի այգում՝ նախկին կրպակների տեղում մշակութային կենտրոն է ստեղծվել ու առաջիկա օրերին էլ բացումն է լինելու, որին մասնակցելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Aravot.am-ի հարցին, թե ինքը որպես քաղաքապետ չէ՞ր նկատել, որ այգում նախատեսված կրպակների տեղադրումը հարմար չէր, թե՞ միայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ զբոսանքից հետո հասկացավ, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Մաշտոցի այգին բոլորիս ուզածն է, որ այգիները միշտ ծառայեն իրենց նպատակին: Մաշտոցի այգին արդեն վերականգնել ենք, մոտ ժամանակներս կլինի բացման արարողությունը և արդեն նկատած կլինեք՝ ինչքան մարդաշատ է այգին: Բազմիցս ասել ենք, որ Աբովյան փողոցից կտեղափոխենք Մաշտոցի պողոտա, իսկ Մաշտոցի պողոտայից էլ դա կապամոնտաժենք, այսօր արդեն ապամոնտաժել ենք»:

Հարցին, թե Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների վայրում ինչո՞ւ է միայն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբորը թույլատրել բացօթյա սրճարան տեղադրել, Մարգարյանն ասել է, որ տեղյակ չէ, իսկ այնուհետև հավելել. «այդտեղ քաղաքացիներ են, որոնք դրա վերևի, ներքևի մասում էլ իրականացնում են սրճարան»:

Քաղաքապետի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Աբովյան փողոցի այն կառույցները, որոնք ժամանակին կային, այսօր էլ չկան, իսկ ժամանակավոր, սեզոնային օբյեկտները քաղաքացիների պահանջով ու ցանկությամբ են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Աշոտ Խաչատրյանը Epress.am-ին պատմել էր, որ ինքը զրուցել է նորաբաց սրճարանի տիրոջ`  Աբովյան փողոցում Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանի հետ, ով ասել է, թե ինքը սրճարան կառուցելու թույլտվություն ունի. «Դա փոխհատուցում է` տրված քաղաքապետարանի կողմից, սրճարանը ընդգրկված է Երևանի նախագծում: Մենք պատրաստվում են ստորգետնյա զուգարան կառուցել սրճարանի հարևանությամբ»,- Խաչատրյանի փոխանցմամբ` ասել է սրճարանի տերը:

Tekali Taxi