Home / Հայաստան / Նորանշանակ նախարարը բողոքող կնոջը «շանտաժյոր» է անվանել

Նորանշանակ նախարարը բողոքող կնոջը «շանտաժյոր» է անվանել

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիա են անցկացրել Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը:

Նրանք կառավարության նիստից հետո շենքից դուրս եկող նորանշանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին են դիմել` պարզաբանելու համար, թե ինչպես է վերջինիս քաղաքապետ լինելու օրոք (2009-2010 թվականներին) Արամի փողոցի վրա շենք կառուցվել առանց քաղաքապետարանի շինթույլտվության:

Գագիկ Բեգլարյանն ասել է, որ ինքն այժմ քաղաքապետը չէ, այլ Տրանսպորտի և կապի նախարար, ուստի չի կարող այդ հարցին պատասխանել: Այլ հարցերի պատասխանել Բեգլարյանը հրաժարվել է, իսկ քաղաքացիների այն դիտարկմանը, թե նախարարը փախնում է, հակադարձել է`ասելով, թե ընդամենը ուշանում է:

Այդուհանդերձ Բեգլարյանը խոստացել է, որ հաջորդ հինգշաբթի կծանոթանա բնակարանատերերի բերած փաստաթղթերին ու կփորձի օգնել նրանց:

Բնակարանատերերից մեկը` Սոնա Մաղաքյանը, Բեգլարյանին հարց է ուղղել, թե արդյոք նախարարն ու իր եղբայրը ևս բնակարան ունեն Արամի 72-80 շենքում, ինչի մասին, ըստ Մաղաքյանի, վկայում է սեփականության մասին պայմանագրերը:

Այս հարցին Բեգլարյանը պատասխանել է` Սոնային «շանտաժյոր» անվանելով և հորդորելով «զգույշ մնալ»:

Բնակարանատերերը հեռացող Բեգլարյանի հետևից սկսել են բղավել. «Ո՞վ, ո՞վ է պատասխան տալու, ո՞ւմ պիտի դատի տանք»: Բեգլարյանը շջրվել է և ակցիայի մասնակիցներին ասել. «Ես խնդրում եմ, հետևիցս մի բղավեք էլի»:

Հիշեցնենք, որ 2006 թվականին վերոնշյալ հասցեների բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, տարիների ընթացքում դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն:

Tekali Taxi