Home / Տեսանյութեր / Թուրք նախարարը «ազգային պատասխան է» որակել Ցեղասպանության ճանաչման համար պայքարողներին վիրավորելը

Թուրք նախարարը «ազգային պատասխան է» որակել Ցեղասպանության ճանաչման համար պայքարողներին վիրավորելը

Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը համարում է, որ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքարող Թուրքիայի քաղաքացիներին սուր քննադատության ենթարկող գիրքը «բնական ազգային պատասխան է»:

Թուրքական Today’s Zaman-ը հիշեցնում է, որ խոսքը Ստամբուլի նահանգապետարանի կողմից ավելի վաղ այս տարի լույս ընծայված «Ես փակում եմ այս փաստաթուղթը»գրքի մասին էր, որը բաժանվել էր Ստամբուլի որոշ դպրոցներում և որում վիրավորական արտահայտություններ կային այն թուրք և հայ մտավորականների հասցեին, ովքեր Թուրքիայում պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար:

Մասնավորապես, գրքի հեղինակները նշում էին, որ մտավորականները «վատ արյուն» ունեն և «սատանա են մեր մեջ»:

Գրքի հրատարակումից հետո Հանրապետական Ժողովրդական կուսակցության պատգամավոր Գյոքմեն Օգյութը դիմել էր Կրթության նախարարին` խնդրելով արձագանքել գրքում առկա ռասիստական բնույթի արտահայտություններին: Օգյութը կարծիք էր հայտնել, որ նման գրքի տարածումը դպրոցներում ատելության սերմանում է:

Ի պատասխան`Դինչերը նշել էր, որ գրքում առկա է «հումորային» մոտեցում Հայկական հարցի վերաբերյալ, որը «ավտոմատ ազգային պատասխան է» մտավորականների ակցիաներին:

Չնայած նախարարի նման կարծիքին, ավելի վաղ Թուրքիայի կրթության նախարարությունն ընդունել էր, որ գրքում առկա են ատելության կոչեր` ուղղված հասարակության որոշ խմբերի դեմ և նշել էր, որ այն կարող է ազդել երիտասարդ ընթերցողների վրա:

Tekali Taxi