Home / Հայաստան / «Իմ առաջին մեղադրողը ես եմ». Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից

«Իմ առաջին մեղադրողը ես եմ». Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այս մասին ասված է Հայրապետյանի տարածած հայտարարության մեջ:

«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար:  Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:

Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:

Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ եւ իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:

Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:

Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»-, ասված է Հայրապետյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ նածքան հայտարարությունը տարածելը Հայրապետյանը հանդպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Tekali Taxi