Home / Հայաստան / «Հարսնաքարում» կատարված միջադեպը անուղղակիորեն կապում են սերիալների հետ

«Հարսնաքարում» կատարված միջադեպը անուղղակիորեն կապում են սերիալների հետ

Եթերային ագրեսիայի և իրական հանցագործությունների միջև կապը գոյություն ունի, և դա ապացուցված է դեռ 50-ական թվականներին: Նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը: Նրա խոսքով՝ այսօր հայաստանյան եթերում չկա սպայի դրական կերպար, փոխարենը կան օլիգարխների դրական կերպարներ:

Սոցիոլոգը նշել է, որ կրկնօրինակում ավելի արագ է լինում, երբ ֆիլմերը տեղական արտադրության են, և մարդիկ իրենց նույնացնում են այդ ֆիլմերի հերոսների հետ:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ հայտարարել է, որ անիմաստ ու ծիծաղելի է վիճել հեռուստատեսության ազդեցության շուրջ: Նրա խոսքով՝ պետությունը պետք է հստակ քաղաքականություն վարի` խրախուսի լավը և պատժի վատը:

«Լիբերալ դիրքորոշում ունեցող մտավորականները խրտնում են խորհրդային անցյալի ուրվականից: Այդ մարդիկ շատ իռացիոնալ տեսակետից են մոտենում: Բորոլս էլ ազատական ենք, մազոխիստ պետք է լինես, որ ցանկանաս ապրել դիկտատուրայի մեջ: Այն, ինչ մենք ուզում ենք, արևմտյան մոդելի տեղայնացում է: Լիբերալիզմը չի ենթադրում քաոս»,- ասել է Ջամալյանը:

Ջամալյանի խոսքով՝ կա տրամաբանական անուղղակի կապ հեռուստաեթերով քարոզվող արժեքների և «Հարսնաքարում» կատարված միջադեպի մեջ, քանի որ կան սերիալներ, որոնք մարդկանց դարձնում են ստահակ:

«Երբ համակարգը չկա, երբ տվյալ ոլորտը չի վերահսկվում, ապա ողջունելի է, որ նախագահը արագ արձագանքել է (նկատի ունի մտավորականների՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը սերիալների վերաբերյալ – Epress.am)»,- ասել է Դավիթ Ջամալյանը:

Հարցին, թե ինչու նամակի հեղինակները չեն դիմում Սերժ Սարգսյանին, օրինակ, «Ա1+»-ի վերաբացման խնդրանքով, Վահրամ Միրաքյանը պատասխանել է, որ իրենք խոսքի ազատության համար չեն պայքարում, այլ սոցիալ-մշակութային որակի համար:

Ջամալյանը և Միրաքյանը նաև հայտնել են, որ կմիանան Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու կոչ անող քաղաքացիական շարժմանը, եթե քննության արդյունքում պարզ դառնա, որ Հայրապետյանը ուղիղ կապ ունի Վահե Ավետյանի սպանության հետ:

Tekali Taxi