Home / Տեսանյութեր / Քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները պետք է դուրս մղվեն վերնախավից. հայտարարություն

Քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները պետք է դուրս մղվեն վերնախավից. հայտարարություն

Հունիսի 17-ին, Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բռությունները և սպանությունը երկար տարիներ Հայաստանում անօրինականության, ինքնադատաստանով հարցեր  լուծելու, անպատժելիության և  հակասահմանադրականության շղթայի օղակներից են: Այս մասին ասված է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ բազմաթիվ անգամներ նման հանցագործությունների դեպքում հանրությունը իրավունքի գերակայություն հաստատելու համար համարժեք և սկզբունքային գործողություններ չի ձեռնարկել, իսկ պատկան մարմինները շարունակաբար մեղսակցել  և անգործություն են ցուցաբերել իրենց Սահմանադրական պարտավորություններն իրականացնելու գործում: Սրանով իսկ խնդիրը հասել է այն մակարդակին, որ Հայաստանում մարդիկ անպաշտպան ու անզոր են և ելքը տեսնում են կամ արտագաղթի, կամ անտարբերության, կամ ինքնասպանության, կամ էլ նվաստացած ապրելու մեջ: Սա անպաշտպանության և մարդկային արժանապատվության ոտնահարման վերջնակետն է, երբ խախտվում է կյանքի հիմնարար իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 15) և արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանների (ՀՀ Սահմանադրություն հոդված 91), այլ ինքնադատաստանի միջոցով:

Անպատժելիության կարգը չի փոխվում խորհրդակցություններով, ցուցումներով, կամ նմանատիպ ոչ գործնական քայլերով: Անհրաժեշտ են անկախ արդարադատական համակարգ և նախադեպեր, որտեղ մեղավորները կստանան պատիժ, իսկ քաղաքացին կկարողանա իրացնել իր սահմանադրական և օրինական իրավունքները, ասված է հայտարարության մեջ:

«Արդարադատությունը բոլորի համար է, և որևէ խումբ կամ անհատ չի կարող արտոնյալ լինել: Անկախ արդարադատական համակարգը` հիմնված մարդու իրավունքների և ազատությունների սկզբունքների վրա, ժողովրդավարական և քաղաքացիական պետության առանցքն ու հիմքն է: Սա է գործնականում բոլոր մարդկանց վստահություն ներշնչում առ այն, որ իրենք հավասար են ու պաշտպանված: Արդարությունը պետք է ոչ թե բացառություն լինի, այլ օրինաչափություն, իսկ անկախ արդարադատությունը` դրա կենսագործման երաշխիքը:

Մենք` հայ ժողովուրդը և հասարակությունը, պետք է գիտակցենք ու պանաջատեր լինենք, որ մեր պետական կառավարման համակարգում և վերնախավում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները և արժեքներ սերմանողները դուրս մղվեն և խստագույնս պատժվեն` պետականության նկատմամբ արված հանցագործությունների համար:

Քաղաքացիական ինքնուրույն ու հետևողական գործողությունները մեր սահմանադրականության պայքարի հաջողության և սահմանադրական կարգի հաստատման հիմնական երաշխիքն են: Պետք է գիտակցենք, որ մենք ենք այս երկրի տերը և մեզնից է կախված մեր անհատական ու հավաքական անվտանգությունը, պաշտպանվածությունը և զարգացումը: Մեր համարձակ, համախմբված շարունակական քայլերը և յուրաքանչյուր իրավունքի համար պայքարները կբերեն քրեաօլիգարխիկ համակարգի ոչնչացմանը և նրա ներսում իսկ բարենապաստ հնարավորություն կստեղծեն ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն կերտելու համար:

Յուրաքանչյուրս կարող ենք Վահե Ավետյան լինել: Պետք է վերջ տալ անտարբերությանը, նմանօրինակ հանցագործությունները չհամարել «սովորական» և «նորմալ», չապրել հանդուրժող նվաստացումով ու անզորությամբ: Վերափոխենք մեզ և մեր ցասումը դարձնենք արդարատենչ ըմբոստացում ու պայքար», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

ՄԻԺԻ-ն ցավակցում և իր քաղաքացիական գոտեկցությունն է հայտնում Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, նրա բոլոր հարզատներին ու ընկերներին:

Tekali Taxi