Home / Տեսանյութեր / Ինչու պիտի ուրոլոգը թարգմանենք միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, կամ սեքսը՝ հաճույքաճխտիկ. Միրզոյան

Ինչու պիտի ուրոլոգը թարգմանենք միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, կամ սեքսը՝ հաճույքաճխտիկ. Միրզոյան

Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում մայրենի լեզվի արհամարհված լինելու վերաբերյալ` ասելով, որ այսօր ոչ մեկը ուշադրություն չի դարձնում լեզվի անաղարտությանն ու պահպանությանը:

«Մենք պետք է իշխանությունների ուշադրությանը հրավիրենք: Մտահոգիչ է հատկապես տերմինաշինության խնդիրը, եթերի, ինչպես նաև հրատարակչության, գրքերի լեզուն: Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք օտարածին, օտարագիր ցուցանակների: Երևանն էլ կարծես եվրոպական քաղաք լինի, որովհետև գերակշռում է օտարագիր խոսքը, բայց մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պատասխանատվություն կրել իր լեզվի պահպանության համար»,- Միրզոյանի խոսքերն է փոխանցում aravot.am-ը:

Միրզոյանի խոսքով՝ գրավոր խոսքն ավելի վտանգված է: Ցույց տալով գրքերից օրինակներ՝ նա նշել է, որ, օրինակ, ուսանողների համար նախատեսված ձեռնարկներում բազմաթիվ սխալներ կան, նույնիսկ զարմացավ, թե ինչպես են այդ գրքերը խմբագրել, սրբագրել:

Միրզոյանն առանձնացրել է նաև տերմինաշինության խնդիրը. «Մենք ունենք տերմինաբանական կոմիտե, որն այսօր, ցավոք, չի գործում, այդ պատճառով էլ բազմաթիվ տերմիններ գործածության մեջ են դրվում առանց կոմիտեի համաձայնության: Օրինակ՝ ինչու պիտի ուրոլոգը թարգմանենք միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, կամ սեքսը՝ հաճույքաճխտիկ: Սրանցից ոչ մեկը գործածության մեջ չեն կարող մտնել, մինչև չլինի տերմինաբանական կոմիտեի համաձայնությունը»:

Միրզոյանը զայրանում է. «Ինչո՞ւ պետք է օրինակ փողոցում քայլելիս տեսնես ցուցանակի վրա գրված հետևյալ տողերը. «Վաճառվում է էշի յուղ»: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Լեզվի անաղարտության հարցը պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Բայց այսօր Լեզվի պետական տեսչությունում  16 աշխատող կա, իսկ այդ 16 հոգին չեն կարող Հայաստանի Հանրապետությունում լեզվական քաղաքականություն իրականացնել:

Առաջարկում եմ հանդիպում կազմակերպել քաղաքապետ Տարոն  Մարգարյանի հետ, հարց ներկայացնել, որ, օրինակ,  քաղաքի բոլոր ցուցանակները քաղաքապետի մեկ որոշմամբ համապատասխանեցնել լեզվի մասին օրենքի պահանջներին»:

Լուսանկարը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական էջից

Tekali Taxi