Home / Տեսանյութեր / Պահանջում են քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ

Պահանջում են քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ

Ռուբեն Հայրապետյանի` նախագահական նստավայր գնալը և դրանից անմիջապես հետո մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն անելը հերթական անգամ մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին: Դա նաև փորձ էր կասեցնել Ազգային ժողովում խնդրի շուրջ ակնկալվող լայնածավալ քննարկումները: Հասարակական ճնշումը չի’ դադարելու: Այս մասին ասված է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության հայտարարության մեջ:

«Կան գործի այլ կողմեր ևս: Հաստատված փաստ է, որ ծեծի մասնակիցների թվում են եղել Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ: Սա հիմք է ենթադրելու, որ հունիսի 17-ի հանցագործության ժամանակ «Հարսնաքարում» է գտնվել, չի բացառվում` հաշվեհարդարի հրահանգ է տվել հենց ինքը` Ռուբեն Հայրապետյանը:
Պահանջում ենք`
1. Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ:
2. Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
3. Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Հիշեցնում ենք, որ վաղը` 04.07.2012թ., ժ 10:00 Ազգային ժողովի մոտ տեղի է ունենալու ակցիա` վերոնշյալ պահանջներով: Այդ ժամին ԱԺ-ի դահլիճում ներկա են լինելու բոլոր խմբակցությունները` մասնակցելու Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանն այսօր հայտարարել է ԱԺ մանդատը վայր դնելու մասին: Պատճառը հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի խումբ ռազմական բժիշկների խոշտանգումն է, որի արդյունքում ծեծի ենթարկվածներից մեկը` Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել է:

Tekali Taxi