Home / Հայաստան / Ինչ եզրակացություններ անել ՄԻԵԴ-ի վճիռներից. առաջարկում է պատգամավորը

Ինչ եզրակացություններ անել ՄԻԵԴ-ի վճիռներից. առաջարկում է պատգամավորը

Վերջին շրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներ է ընդունել Հայաստանի Հանրապետության դեմ: Դրանց թվում են ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի, ինչպես նաև երեխայի բռնաբարության և սպանության համար պատիժ կրած, սակայն անմեղ Արմեն Պողոսյանի հաղթանակները Եվրոդատարանում: Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի բողոքը, ըստ որի` Հայաստանում խախտվել է նրա` արդար դատաքննության իրավունքը:

Այս վճիռները ենթադրում են ոչ միայն բարոյական, այլև ֆինանսական փոխատուցում ՀՀ պետբյուջեից, այսինքն` դատավորների սխալների համար վճարում են քաղաքացիների հարկերի հաշվին:

ԱԺ անկախ պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը այս թեմայի շուրջ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Եվրոդատարանը բազմիցս հայտարարել է, որ  «փողի դատարան» չէ, և գումարային փոխհատուցումը սիմվոլիկ բնույթ է կրում, իրավունքի խախտման մասին դատարանի որոշումը ավելի արժեքավոր է բարոյական առումով:

Էդմոն Մարուքյանը նկատել է, որ ՄԻԵԴ-ի որոշումները պետք է ուշադրության արժանանան պետության ներսում:

«Եթե թույլ տրված խախտումները օրենսդրական բացի արդյունք են, ապա պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Եթե խախտումները դատավորների մեղքով են եղել, ապա պետք է պատասխանատվության ենթարկել այդ դատավորներին, իսկ իրականում նման դատավորներ համակարգում չպետք է աշխատեն»,- ասել է Մարուքյանը:

Որպես դատավորի պատժելու նախադեպ Էդմոն Մարուքյանը հիշեցրել է Միշա Պողոսյանի դեպքով ՄԻԵԴ-ի որոշումը Հայաստանի դեմ: Դատավորն ընդունել էր Պողոսյանի դեմ խոշտանգումների փաստը, սակայն դրանք արդարացված էր համարել, քանի որ խոշտանգումներն օգտագործվել են որպես միջոց` տեղեկատվություն ստանալու համար: Նման դատական վճիռ ընդունելու համար դատավորը 6-ամյա ժամկետով զրկվել էր 0,25% աշխատավարձից:

Լուսանկարը` Էդմոն Մարուքյանի Facebook-ի էջից

Tekali Taxi