Home / Տեսանյութեր / Մինչամուսնական սեռական կապի մեջ մտնողներին խորհուրդ են տալիս դիմել մասնագետի

Մինչամուսնական սեռական կապի մեջ մտնողներին խորհուրդ են տալիս դիմել մասնագետի

Սեռական դաստիարակությունը մարդու դաստիարակության մի մասն է կազմում, և դրա մասին առանձին չպետք է խոսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հոգեթերապեվտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ամեն տարիքային փուլ իր սեռական դաստիարակության առանձնահատկությունները պետք է ունենա, սակայն ամենապատասխանատու շրջանը սեռական հասունացման շրջանն է, երբ ինչ-որ սխալ թույլ տալու դեպքում, մարդը հետագայում կարող է կանգնել առողջական լուրջ խնդիրների առջև:

Սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանն էլ նշել է, որ տարբեր մարդիկ տարբեր տեղից են ստանում սեռական դաստիարակությունը` կախված ինֆորմացիայի աղբյուների` ինտերնետի, գրականության հասանելիությունից և նրանց ինտելեկտից:

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալ, Զաքարյանը պատասխանել է, որ միանշանակ խորհուրդ չի կարող տալ, սակայն ցանկալի է դրանից խուսափել, քանի որ կան սեռավարակներ, որոնք կարող են հանգեցնել անպտղության: Մասնագետը խորհուրդ է տվել դիմել իրենց և ստանալ խորհուրդներ, ոչ թե սեփական փորձեր անել:

«Շատերը մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ են ունենում, որպեսզի սեռական անհամատեղելի մարդու հետ չամուսնանան:  Սակայն սեռական անհամատեղելիությունը լուծելի խնդիր է, պետք է դիմել սեքսապաթոլոգների, հոգեբանների: Ամուսնությունը սիրո ու հարգանքի վրա պետք է կառուցվի, և սեռական անհամատեղելիության պատճառով պետք չէ բաժանվել» -ասել է Ռուզաննա Ազատյանը:

Մարատ Զաքարյանը բողոքել է, որ գրախանութներում վաճառվում են սեռական դաստիարակության մասին գրքեր, որոնք սխալ թարգմանված են, և դրանցով պետք չէ ուղղորդվել:

Tekali Taxi