Home / Հայաստան / Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացումը հրատապ չէ. ռեկտոր

Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացումը հրատապ չէ. ռեկտոր

18.5 հազար դիմորդ այս տարի ընդունելության միասնական քննություն է հանձնել, որոնց մեկ երրորդը դիմել է Երևանի պետական համալսարան:  Ընդունվածներից 381-ն անվճար համակարգում են սովորելու, 3126–ը` վճարովի: Այս մասին լրագրողներին այսօր հայտնել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նրա խոսքով` այս տարի ԵՊՀ-ում 81 թափուր տեղ կա` քիմիա, էկոլոգիա, կենսաբանություն, կենսաֆիզիա մասնագիտություններով:  Ռեկտորի կարծիքով` սա մտահոգիչ փաստ է: Մինչդեռ մրցույթը, ինչպես միշտ, բարձր է եղել իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, անգլերեն լեզու և գրականություն, լրագրություն ֆակուլտետներում:

Ռեկտորի խոսքով` շուկային անհրաժեշտ մասնագետների թիվը բուհից պահանջելու համար կառավարությունը ուսումնասիրություն է անցկացնում և ըստ դրա ընդունում կամ մերժում բուհի առաջարկած ուսանողների թիվը:

Epress.am-ի խնդրանքով անդրադառնալով գիտության ֆինանսավորումը մեծացնելու պահանջով հանդես եկող քաղաքացիական նախաձեռնությանը (Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում)` Սիմոնյանը ասել է, որ ֆինանսավորում գիտությանը, իհարկե, անհրաժեշտ է, սակայն, հաշվի առնելով երկրի տնտեսական իրավիճակը,  պահանջը հրատապ չէ:

«ԵՊՀ-ն պետք է չդժգոհի գիտության ֆինանսավորումից: Պետության տնտեսության զարգացման մակարդակը էնպիսին է, որ սա է հնարավոր տալ: Ամբողջ աշխարհում է այսպես. Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում շուտվանից կրճատվել է գիտությանը ուղղված գումարը: Ես դեմ եմ գիտության փողերի փոշիացմանը:  Մենք պետք է զարգացնենք ինժեներական, մաթեմատիկական գիտությունները, դա է առաջնային: Սակայն կուզենայի, որ տնտեսագիտության, բժշկության մեջ պաշտպանողների տարափ չլիներ, ինչը կա հիմա»,- ասել է Սիմոնյանը:

Tekali Taxi