Home / Հայաստան / Ղարաբաղում չեն կասկածում՝ հաղթելու է «Երևանի դրածո» Սահակյանը

Ղարաբաղում չեն կասկածում՝ հաղթելու է «Երևանի դրածո» Սահակյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում: 274 ընտրատեղամասերում լարվածություն չի նկատվում: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է Epress.am-ի թղթակիցը:

Դիտորդները նույնպես խոսում են ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի մասին:

Տեղի վերլուծաբանները, լրագրողները և ԼՂՀ բնակիչները նշում են, որ չնայած ոչ ոք չի կասկածում, որ ընտրություններում հաղթելու է գործող նախագահ Բակո Սահակյանը, բարձր տոկոսներ չեն լինելու: Դրա պատճառն այն է, որ նրա հիմնական մրցակից, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանի շուրջ հավաքվել են երկրում բոլոր ընդդիմադիր ուժերն ու մարդիկ:

Արտաքին քաղաքականության հարցերում երկու թեկնածուներն էլ նույն դիրքորոշումն ունեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին: Բայց երկրում առկա է դժգոհություն կոռուպցիայի մակարդակի և ներկայիս ղեկավարի կառավարման կլանային մոդելի հետ կապված:

Բացի դա, տեղացիները ԼՂՀ-ի համար շատ կարևոր փաստ են նշում` Բալասանյանը յուրայինն է, «սվոյ», նա, ինչպես Ղարաբաղում են ասում, «լավ կռված ա»:

Դրա ֆոնին Բակո Սահակյանի կարիերան Ղարաբաղում, որտեղ ամեն ինչ կապված է Արցախյան պատերազմի հետ, իր իմիջի ամենաուժեղ կողմը չէ: Պատերազմի ընթացքում նա պաշտոններ է զբաղեցրել թիկունքում, հրադադարից հետո աշխատել է երկրի Ներքին գործերի և Ազգային անվտանգության համակարգերում, եղել է այդ գերատեսչությունների ղեկավարը: Մարդիկ հաճախ նրան ընկալում են որպես «Երևանի դրածո»: Նաև խոսում են այն մասին, որ թիկունքում աշխատանքի հետ կապված Սահակյանը բարդույթներ ունի, այդ իսկ պատճառով նա հաճախ շրջում է ռազմական համազգեստով:

Երրորդ թեկնածուն Արկադի Սողոմոնյանն է, ով նախագահական մրցավազքի ակնհայտ հետնապահն է:

Այսօր ԼՂՀ նախագահի երկու հիմնական թեկնածուներն արդեն քվեարկել են:

Վիտալի Բալասանյանի խոսքով` ինքը քվեարկել է հանուն Ղարաբաղի ապագայի և անկախության ու հանուն գերնպատակի՝ «մեկ հայկական հանրապետության»:

Նրա խոսքով` նախագահ ընտրվելու դեպքում նա կհայտարարի, որ բոլորի նախագահն է, և «ընդհանրապես հետապնդումներ չեն լինի` անկախ մարդկանց հայացքներից և կուսակցական պատկանելիությունից»:

Նա նաև նշել է, որ պարտության դեպքում պայքարը շարունակվելու է:

«Իմ քվեն տալու եմ հզոր, անկախ, միասնական պետություն կառուցելուն», – հայտարարել է Բակո Սահակյանը` հավելելով, որ հինգ տարի հետո սպասվում է գեղեցիկ, հզոր և բարեկեցիկ Արցախ:

Tekali Taxi