Home / Հայաստան / «Մենք պատրաստ ենք նստել», «Շարժումը պատասխանելու է տականքներին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք պատրաստ ենք նստել», «Շարժումը պատասխանելու է տականքներին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ կայացած` ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքի ակցիան չի վերաբերում միայն այդ երիտասարդներին, այլ կազմակերպվել է հանուն բոլոր Հայաստանի քաղաքացիների:

Այս մասին դատախազության շենքի մոտ հայտատարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` որպես պատճառ նշելով, որ «այդ չորսի փոխարեն կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»:

«Երբ մենք խոսում ենք 4 տղաների ազատության մասին, մեզանից յուրաքանչյուրի կեցվածքում սերժանտական իշխանությունը պետք է տեսնի, որ մենք չենք վախենում նստելուց: Այս դատավճիռը ուղղված է մեր դեմ: Դա Սերժ Սարգսյանի ուղերձն է, թե ինքը յուրաքանչյուրիս կարող է նստեցնել: Իսկ մեր ուղերձը պետք է լինի հետևյալը. «Մենք պատրաստ ենք նստել»: Մեզ Սերժ Սարգսյանն ուղարկում է այնտեղ, որտեղ ինքը պետք է լինի: Քանի դեռ Սերժ Սարգսյանը և իր օլիգարխները, ովքեր սպանդանոց են սարքել իրենց ռեստորանները, ազատության մեջ են, ՀՀ քաղաքացիները բանտում են իրենց բնակարաններում», – հայտարարել է Նիկոլ  Փաշինյանը:

Բողոքի ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով ասել է, որ դատարանի որոշումը վկայում է այն մասին, որ իշխանություններն առել են իրենց կործանման հոտը:

«Նրանք մեզ ուղերձ են տալիս` ասելով` «մի պայքարեք, այլապես մենք դաժանորեն կպատժենք ձեզ»: Իրենք չեն հասկանում, որ ավելի է ուժեղանում մեր շարժումը և ադեկվատ պատասխան է տալու այս տականքներին»,- ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi