Home / Հայաստան / Շիրակի մարզի երկու ազատամարտիկներ կոչ են անում զորակցել բանակին

Շիրակի մարզի երկու ազատամարտիկներ կոչ են անում զորակցել բանակին

Գյումրեցի ազատամարտիկներ Մկրտիչ Բաղդասարյանը (Սամոն) և Աշոտ Թադևոսյանը կոչ են անում Շիրակի մարզի բոլոր կամավոր ազատամարտիկներին անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից  հուլիսի 30-ին և 31-ին, ժամը 13:00-15:00-ը հավաքվել Գյումրու Զինկոմիսարիատի շենքում տեղակայված Ազատամարտի վետերանների թանգարանում:

«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը տարածել է Բաղդասարյանի և Թադևոսյանի բաց նամակը, որում նրանք առաջարկում են միանալ իրենց` կամավորական դիմումով դիմելու «մարտական ընկերներին` ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին և ՀՀ Պաշտպանության նախարարին, որ մեզ, իրենց հայեցողությամբ, զորակոչեն ՀՀ Բանակ սկսած եռամսյա ծառայությունից մինչև կադրային ծառայության»:

«Այս մեր կոչով ես չեմ ուզում, որ մեր հայ ժողովուրդի մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե մեր բանակը ոչ մարտունակ է, որի պատճառով մենք ուզում ենք զորագրվել, հակառակ` մեր տարածաշրջանում ամենամարտունակ և ամենաբարվոք վիճակում մեր բանակն է, որը հաղթանակած բանակ է, քանի որ այդ հաղթանակը մենք` կամավորներս, կռել ենք մեր արյան և կյանքի գնով: Մեր անձնական կարծիքով մենք` կամավորներս, անկախ սեռից, տարիքից ու ֆիզիկական վիճակից, իրավունք չունենք  ձեռքերս ծալած նստելու և սպասելու, թե թշնամու դիպուկահարները կամ դիվերսիոն ջոկատները քանի նոր զոհ են մեզ մատուցելու:

Քանի որ պատերազմը ավարտված է դե յուրե, սակայն դե ֆակտո ավարտված չէ, ուստի կոչ ենք անում Շիրակի մարզի բոլոր կամավորական ազատամարտիկներին  զորակցել Հայկական   բանակին ու լինել հայ զինվորների եւ  հրամանատարների  կողքին պաշտպանական առաջին գծում` պատերազմում ձեռք բերած մեր գիտելիքներն ու փորձը պրակտիկորեն փոխանցել ժամկետային զինծառայողներին, ինչպես նաեւ նրանց տրմադրել բարոյահոգեբանական աջակցություն: Կարեւոր է, որ զինվորներն ու հրամանատարները զգան, որ մենք` կամավոր ազատամարտիկներս, ոչ միայն հոգով, այլեւ գործով իրենց կողքին ենք  որպես հավասար  ավագ ընկեր զինվոր», – ասված է նամակի մեջ:

Tekali Taxi