Home / Հայաստան / «Երիտասարդ կյանք են խորտակում». 10 տարվա ազատազրկման դատապարտվածի մայրը նամակ է գրել ՀՀ նախագահին

«Երիտասարդ կյանք են խորտակում». 10 տարվա ազատազրկման դատապարտվածի մայրը նամակ է գրել ՀՀ նախագահին

Պետական դավաճանության հոդվածով դատված մեղադրվող Աշոտ Չտրկյանի մայրը ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում խնդրում է հետևել, որպեսզի քրեական գործի քննությունը Վերաքննիչ դատարանում արդար անցնի և բացահայտվի, որ առաջին ատյանի որոշումը անհիմն է: Նամակում Անահիտ Չտրկյանը նշում է, որ իր որդու դեմ գործը սարքել էր ԱԱԾ քննիչ Արմեն Թևանյանը` համոզելով մյուս մեղադրյալ Կարեն Մեհրաբյանին ասել, թե Չտրկյանը գիտեր իր գործողությունները մասին` խոստանալով այդ դեպքում ապահովել նրան մեղմ պատիժ:

«Ինչո՞ւ էր քննիչին դա անհրաժեշտ, որովհետև գործ էր սարքում անտեր, անհայր, պաշտոնյա հայր չունեցող Աշոտ Չտրկյանի դեմ: Քանակ էր ապահովում, արդեն բարձրաձայնել էր հանրապետությունով մեկ, որ «աշխատանք է կատարել», դավաճաններ է բռնել, մեկի վրա պիտի բարդեր», – գրում է Անահիտ Չտրկյանը:

Ըստ նրա` գործի սարքված լինելու մասին է վկայում նաև այն, որ դատավարության ողջ ընթացքը, որում փաստաբանները բացահայտել են նախաքննող մարմնի դիտավորությունը, չի ցուցադրվել հեռուստատեսությամբ, այլ միայն մեղադրական դատավճիռն է հեռարձակվել:

Մայրն ընդգծում է, որ Աշոտ Չտրկյանի մեղքի մասին վկայող ոչ մի ապացույց, ոչ մի հեռախոսային  լսում, ոչ մի վկա, ոչ  մի գործողություն գործում չկա:

«Իր սև գործը շարունակելու համար «քննիչ» Ա. Թևանյանը կարևորը` մարդ է ձերբակալել, հոդված ոնց լինի կգտնի: Ոչինչ, որ անմեղ մարդ է դատապարտելու, խորտակելու ևս մի երիտասարդ կյանք, որի հայրը ՆԳ աշխատակից է եղել և մահացել է ինֆարկտից, երբ Աշոտը չորս տարեկան է եղել. ավելի լավ` «անտեր տղա է», ոչինչ, որ երիտասարդ մի ընտանիք  ևս կքայքայվի, ոչինչ,  որ Աշոտի երեք տարեկան  երեխան  որբ  կմեծանա` հոր չարած մեղքն էլ վրան խարանված: Ու գտնում է նոր հոդված` 38/299 հայրենիքի  դավաճանին օժանդակող և հայտարարում է. «Բրթելով   էլ   լինի, քեզ    դատելու եմ, որ Թուրքիա ես գնացել  աշխատելու»: Այդ դեպքում  ինչո՞ւ  քննիչը   չի   դատապարտում   հայ ազգի 50%-ին: Ինչո՞ւ էր ուզում քննիչը անպայման «բրթելով դատել» Աշոտին, ի՞նչ էր  թաքցնում, ինչ՞ու է «անտեր տղաներ» գտել առանց փաստի, առանց հիմքերի մեղադրական գործ ստեղծել, արագ փակել: Միթ՞ե ազգային անվտանգությունը  այնքան թույլ էր աշխատում,  որ չկարողացավ որևէ վկա, որևէ հեռախոսային խոսակցություն, որևէ նկարահանում գտնել ապացուցելու համար Աշոտի մեղքը: Ոչ, թույլ չի աշխատում, այլ փաստեր չկան: Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին, ո՞վ պետք է կանխի այս անարդարությունը: Ահա դատական համակարգի  անարդար, շինծու  գործի  մի վառ  ապացույց», – գրում է Անահիտ Չտրկյանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսանը պետական դավաճանության գործով մեղարդվող 6 ամբաստանյալներին, այդ թվում` Աշոտ Չտրկյանին, մեղավոր է ճանաչել: Դացաճանության մեջ մեղադրվողներ Կարեն Մեհրաբյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, Ռոմիկ Մաթևոսյանը և հանցագործությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման: Հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը  դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ նույն հոդվածով մեղադրվող Արթուրի եղբայր Դավիթ Ավետիքյանի նկատմամբ սահմանվել է  500.000 դրամի չափով տուգանք:

Բոլոր 6 անձինք դատավճիռը բողոքարկում են Վերաքննիչ դատարանում:

Tekali Taxi