Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանը «վատ քաղաքապետ չէր», բայց ՀՀԿ-ն Գյումրիում կսատարի ԲՀԿ-ականին

Վարդան Ղուկասյանը «վատ քաղաքապետ չէր», բայց ՀՀԿ-ն Գյումրիում կսատարի ԲՀԿ-ականին

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կսատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Սամվել Բալասանյանին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Թեև այդ որոշման պաշտոնական ձևակերպումը չկա, բայց այս պահին իշխող կուսակցությունում քննարկում են՝ ինչ ձևով ներկայացնել իրենց որոշումը. Բալասանյանին իրենք առաջադրեն որպես թեկնածու, թե՞ ուղղակի հանդես գան ի պաշտպանություն ԲՀԿ-ի թեկնածուի:

«Երբ ասում ենք, որ մենք դրական ենք գնահատում Բալասանյանի թեկնածությունը, բնականաբար, մենք կամ կառաջարկենք կամ կպաշտպանենք Բալասանյանի թեկնածությունը: Խնդիրը այստեղ վերաբերում է նրան, թե ինչպիսի արձանագրումով ներկայանալ հանրությանը, որ ավելի օգտավետ լինի հենց Բալասանյանի համար», – մանրամասնել է Սահակյանը:

ՀՀԿ-ն Գյումրիում շատ արժանի կուսակիցներ ունի, որոնք կարող են դառնալ քաղաքապետ, ասել է նա: Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ Բալասանյանը, Սահակյանը պատասխանել է. «Այն ծրագրերը, որոնք առկա են Գյումրիում քաղաքաշինության և քաղաքի մակարդակներով, գտնում ենք, որ Սամվել Բալասանյանը բավականին փորձառու է այդ իմաստով`1 և որպես բաժնետիրական ընկերության մասնակից, և որպես պատգամավոր. առավել ևս, կարծում եմ, որ այն համակիրները, որոնք կունենա ինքը, բավականին լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացնեն Գյումրիում, և սա է հիմնականում վերլուծությունը»:

​​ՀՀԿ-ի փոխնախագահը հայտարարել է` Վարդան Ղուկասյանը վատ քաղաքապետ չէր, բայց ՀՀԿ-ն նրան չի սատարի:

«Խորհրդարանական ընտրություններում մենք Գյումրիում մեր սպասելիքներից բավականին քիչ ձայներ հավաքեցինք. մասամբ նաև սա է վերլուծվում, որովհետև եթե քաղաքականության մեջ ես, ապա պարտությունները, ձախողումները կամ անարդյունավետությունները շատ հաճախ չեն ներվում, դա է քաղաքական ստրուկտուրան: Իրողություններ են տեղի ունեցել, նաև այն աղմուկները` ճիշտ, թե սխալ, որ կապված են եղել Ղուկասյան ընտանիքի կամ Վարդան Ղուկասյանի հետ, ժողովրդի մեջ բավականին աժիոտաժ են առաջացրել, և կարծում եմ, այստեղ պիտի իր հրամայականը ունենա նաեւ ժողովուրդը», – ասել է նա:

Tekali Taxi