Home / Հայաստան / Կառուցապատողը ժամկետից շուտ է քանդել ԱՕՔՍ-ի շենքը. շինարարությունը պետք է դադարեցվի

Կառուցապատողը ժամկետից շուտ է քանդել ԱՕՔՍ-ի շենքը. շինարարությունը պետք է դադարեցվի

Աբովյան 3/1 հասցեում գտնվող պատմամշակութային կառույց համարվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) նախկին շենքի հետնամասի քանդման աշխատանքները դատարանի որոշմամբ անօրինական են ճանաչվել և պետք է անհապաղ դադարեցվեն: Այս մասին այսօր ԱՕԿՍ-ի շենքի պաշտպանության համար կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարել է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

Նա հայտարարել է, որ շենքի բնակիչները դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն են դիմել և ստացել խոստում, որ այսօր ժամը 13:30-ի դատական որոշման համաձայն՝ շինարարությունը պետք է կասեցվեր, սակայն դա տեղի չի ունեցել:

Հիշեցենք, որ մայիսի 7-ին ԱՕԿՍ-ի շենքի մի մասը քանդվել էր Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության կողմից: Ըստ Գերավետյանի` քանդելու օրը խորհրդարանական ընտրությունների հաջորղ օրն ընտրելը հատուկ է արված` հասարակական մեծ դիմադրությունից խուսափելու համար:

Գերավետյանն ասել է, որ Մշակույթի նախարարության հուշարձանների վարչության պետ Կարո Այվազյանի հայտատարությունը, թե շենքի կցակառույցն է միայն քանդվել, չի համապատասխանում իրականությանը:

«Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը մեզ ասել է, որ իրենք կառուցապատողի հետ ունեին պայմանավորվածություն, սակայն կառուցապատողը շտապել է և ժամկետից շուտ է քանդել շենքը, իսկ մինչ այդ դատարան որոշումը դեռ չկար, այն ընդունվել է հուլիսի 12-ին: Սա նման է դեռ գործը դատարանում՝ ամբաստանյալին գնդակահարելուն»,- ասել է Գերավետյանը` նկատելով, որ եթե Մշակույթի նախարարը տեղյակ չէ` ինչ պայմանավորվածություններ են կնքում իր աշխատողները կառուցապատողների հետ, ապա նա պետք է նախարարի պաշտոնը ազատի:

Ըստ կառուցապատող «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության ծրագրի` ԱՕԿՍ-ի շենքի հետևի մասում կառուցվելու է հյուրանոց: Ըստ Ավետյանի` նախագծից դատելով` շենքի առջև բաց տարածություն է լինելու, իսկ դա ենթադրում է, որ քանդվելու է նաև Արամի 3 շենքը:

Tekali Taxi