Home / Հայաստան / 8-9% աճ. գյուղնախարարը խոսել է ոլորտի ձեռքբերումների մասին

8-9% աճ. գյուղնախարարը խոսել է ոլորտի ձեռքբերումների մասին

Գյուղատնտեսության ոլորտում առաջին կիսամյակի արդյունքներով  համախառն արտադրանքի ծավալը կազմում է 203 միլիարդ 600 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավել է  8,1%-ով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ամենամեծ աճն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում` 28%: Անասնապահության ոլորտում գրանցվել է 2% աճ, ձնկաբուծության ոլորտում՝ 25,2%:  Նախարարը վստահեցրել է, որ այս զարգացումները շարունակվելու են մինչև տարվա վերջ, և գյուղատնտեսության ոլորտում կլինի 8-9% սահմաններում աճ:

«Հատկապես բարձր են պտղաբուծության ոլորտում մեր ձեռքբերումները: Ծիրանի արտադրության ծավալները շատ մեծ էին, եթե անցյալ տարի մենք ամբողջ տարին  արտահանել ենք 7300 տոննա ծիրան, այս տարի  արդեն այսօրվա վիճակով  արտահանվել է  12 130 տոննա ծիրան, զգալի աճ ունենք արտահանման առումով, եթե անցյալ տարի ամբողջ տարին մթերվել է  վերամշակող կազմակերպությունների կոմից 2830 տոննա ծիրան, ապա այս տարի արդեն մթերվել է 6150 տոննա ծիրան: Ծիրանի բերքահավաքը դեռևս շարունակվում է բարձրադիր գոտիներում և դեռևս 15 օր էլ կշարունակվի: Այս թվերը աճի միտում ունեն ոչ միայն  ծիրանի արտադրության, այլ նաև դեղձի և խնձորի բերքատվությունը նույնպես բարձր է: Մենք ակնկալում ենք նորից բարձր բերք: Նախորդ տարվա համեմատ բարձր են նաև խաղողի սպասելիքները, անցյալ տարվա համեմատ մենք կունենանք խաղողի առումով մոտավորապես 6% աճ, և ընդհանրապես բուսաբուծության ոլորտը մեզ համար շատ կարևոր էր և ապահովեց բարձր աճ»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Նախարարը ցավով նշել է, որ  բուսաբուծության ոլորտի հացահատիկային կուլտուրաների  մշակաբույսերի առումով կան  որոշակի դժվարություններ, և անցյալ տարվա համեմատ այս տարի  հնարավոր է՝ բերքատվության որոշակի նվազում նկատվի:

Նախարարը ամենամեծ ձեռքբերումը  համարում է այս տարվա ցանքատարածությունների ՝ 25 300 հեկտարով ավել մշակության աշխատանքները:

«Մենք ունենք նաև չլուծված խնդիրներ, որոնք գոյացել են տարիներ շարունակ: Դրանք  մեկ տարվա խնդիրներ չեն և դրանց լուծման համար ժամանակ է պետք, որովհետև գյուղոլորտը այն ոլորտն է, որ ներդրումները անմիջապես իրենց հետևից չեն բերում այն ակնկալիքները, որ մենք  պետք է շտապ ունենանք, դրանք տևական են լինում: Կարևոր խնդիր է  մնում նաև մեքենատրակտորային պարկի թարմացումը, մենք արդեն փետրվար ամսից բանակցություններ էինք տանում Բելառուսի համապատասխան կառույցների և Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ և արդեն ունենք որոշակի ձեռքբերուրմներ, համաձայնություններ»,- ասել է գյուղնախարարը:

Tekali Taxi