Home / Հայաստան / Ճնշում են փոքր և միջին բիզնե՞սը. ՊԵԿ-ը պնդում է, որ ամեն ինչ օրենքով է արվում

Ճնշում են փոքր և միջին բիզնե՞սը. ՊԵԿ-ը պնդում է, որ ամեն ինչ օրենքով է արվում

Հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեի որոշմամբ կալանք է դրվել մոտ երկու տասնյակ ընկերությունների գույքի վրա` հարկերը չվճարելու պատճառով: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է այդ ընկերություններից մեկի տնօրենը, ով չի ցանկացել ներկայանալ: Ըստ ընկերության տնօրենի, սակայն, նման որոշում իրականացնելը հակասահմանադրական է, քանի որ գույքի վրա արգելանք դնելու իրավունք ունի միայն դատարանը:

Այս խնդրի կապակցությամբ Epress.am-ը հարցում է արել ՊԵԿ, որի պատասխանում ասված է, որ այդ որոշումները հակասահմանադրական չեն, քանի որ համաձայն «Հարկերի մասին» օրենքի 30,2 հոդվածի դրույթների` եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500,000 կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

Epress.am-ի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակի քաղքացիական, քաղաքական և տնտեսական իրավունքների վերականգնման բաժնի պետ Երանուհի Թումանյանցը տեղեկացրել է, որ այս պահին ՄԻՊ գրասենյակում վարույթում են բողոքներ կապված նման մի քանի վեճերի հետ, որոնց մասին մինչ քննության ավարտը չի հրապարակվելու: Սակայն, ըստ Թումանյանցի, օրենսդրական հակասություն կա Սահմանադրության և «Հարկերի մասին» օրենքի համապատասխան երկու հոդվածների միջև: Ըստ իրավաբանի` «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունը ընդունվել է առանց նկատելու, որ այն արդեն գործող օրենքին հակասում է, ուստի հնարավոր է այն քննարկումների առիթ դառնա:

Ըստ մեզ դիմած ընկերության տնօրենի, սակայն, 2011թ. մայիսին ընդունված 30,2 օրենքը պատահաբար չէ սխալ ձևակերպվել, այլ նպատակ ունի  մեծացնել հարկայինի ճնշումնը փոքր և միջին բիզնեսի վրա, քանի որ 500,000 դրամ հարկը խոշոր բիզնեսին չի վերաբերվում:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ, անդրադառնալով այս թեմային, ասել է, որ համաձայն քրեական դատավարություն օրենսգրքի 232 հոդվածի  գույքի վրա կալանք կարող է դրվել միայն այն ժամանակ, երբ նախաքննություն է սկսված լինում ընկերության դեմ:  Սակայն տվյալ ընկերության տնօրենի խոսքով` իրենց դեմ քննություն չի սկսվել, համենայնդեպս նման ծանուցում իրենք չեն ստացել:

Tekali Taxi