Home / Հայաստան / Թուրքիան բարեփոխել է օրենքը. Հայաստանի քաղաքացիների վրա այն չի տարածվում

Թուրքիան բարեփոխել է օրենքը. Հայաստանի քաղաքացիների վրա այն չի տարածվում

Թուրքիայի իշխանությունները երկրում անշարժ գույքի ձեռքբերման մասին նոր օրենք են ընդունել, որը որոշ տնտեսագետներ արդեն հասցրել են անվանել հեղափոխական: Համաձայն նոր օրենքի, որն արդեն իր ստորագրությամբ հաստատել է երկրի նախագահ Աբդուլա Գյուլը, 183 երկրների քաղաքացիներ իրավունք ունեն Թուրքիայում անշարժ գույք գնել, հաղորդում է Today’s Zaman պարբերականը: Այնուամենայնիվ, դա չի վերաբերում Հայաստանի քաղաքացիներին:

Նախկինում այդ իրավունքն ունեին 89 երկրների քաղաքացիներ, բացի դա, անշարժ գույքի ձեռքբերումը կապված էր մեծ ծավալի թղթաբանության հետ: Վերլուծաբանների պնդմամբ՝ նոր օրենքը թույլ է տալիս «անշարժ գույք գնել՝ ընդամենը անձնագիր ունենալով»:

Այս քայլով Թուրքիայի կառավարությունը ցանկանում է գալիք տարիների ընթացքում մոտ 300 միլիարդ դոլարի ներդրում ապահովել, որի հիմնական մասը ուղղվելու է դեպի երկրի խոշորագույն քաղաք՝ Ստամբուլ:

Today’s Zaman-ի հետ զրույցում Բահչեշեհիր համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Սեյֆեթին Գյուրսելը նշել է, որ նոր օրենքը հեռանում է Թուրքիայի կառավարության կողմից նախկինում որդեգրած քաղաքականությունից, որի համաձայն՝ այլ երկրի քաղաքացին կարող է անշարժ գույք գնել Թուրքիայում միայն այն դեպքում, եթե Թուրքիայի քաղաքացին կարող է գույք գնել տվյալ երկրում:

Այնուամենայնիվ, նոր օրենքը տնտեսական ազգայնականության տարր է պարունակում, նշում է Today’s Zaman-ը: Անշարժ գույք չի թույլատրվում գնել այն երկրի քաղաքացիներին, որոնց հետ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ, այն է՝ Հայաստանի, Սիրիայի, Յեմենի, Կուբայի, Նիգերիայի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին:

Բացի դա, Թուրքիան սահմանափակելու է Հունաստանի քաղաքացիների՝ երկրում անշարժ գույք գնելու իրավունքը: Այստեղ կառավարությունը սահմանափակման երկու տարբերակ է մշակում՝ կամ հույներին ընդհանրապես կարգելեն ծովափնյա վայրերում անշարժ գույք ձեռք բերել, կամ այդ արգելքը կտարածվի միայն Էգեյան ծովի, Հունաստանին սահմանակից Էդիրնե նահանգի և Ստամբուլի վրա:

Նույն տրամաբանությամբ Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք չեն ունենա անշարժ գույք գնել Սև ծովի ափին, իսկ Բուլղարիայի ու Իրանի քաղաքացիներն այդ երկրներին սահմանակից թուրքական նահանգներում:

Բացի դա, օրենքն արգելում է անշարժ գույք գնել գյուղական տարածքներում:

«Նոր օրենքը, իհարկե, թույլ կտա առավել դյուրին դարձնել անշարժ գույքի ձեռքբերումը: Սակայն նախկին օրենքից բավական շատ բան է մնացել, և օրենքը հնարավոր է էլ ավելի բարեփոխել, ներդրողների համար ավելի պարզեցնել», – նշել է Գյուրսելը:

Tekali Taxi