Home / Հայաստան / Ում է խանգարել Իլհամ Ալիևը. «Նեզավիսիմայա գազետա»

Ում է խանգարել Իլհամ Ալիևը. «Նեզավիսիմայա գազետա»

Նախորդ շաբաթ ադրբեջանական ԶԼՄ-ները սենսացիոն լուրեր հայտնեցին երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա դստեր ամուսնու՝ Էմին Ագալարովի դեմ պատրաստվող մահափորձի մասին: «Նեզավիսիմայա գազետա»-ի վերլուծաբան Յուրի Սիմոնյանը այս լուրը մեկնաբանում է մի շարք երկրների հարաբերություններում վերջերս տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում:

«Իրավապահ մարմինների լավատեղյակ աղբյուրները հաղորդեցին, որ ապրիլի 29-ին նախատեսվում էր մահափորձ իրականացնել. հենց այդ օրը Ագալարովի մասնակցությամբ համերգ պետք է տեղի ունենար՝ նվիրված «Եվրատեսիլ-2012»-ին: Հատուկ ծառայությունները օպերատիվ տեղեկությունների հիման վրա խորհուրդ էին տվել նախագահին հետ կանգնել համերգին ներկա գտնվելու գաղափարից: Իսկ երբ նախագահը, այնուամենայնիվ, որոշել էր այցելել միրջոցառումը, ուժայինները հատուկ գործողություններ էին իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալել էին դիպուկահարների: ԶԼՄ-ները պնդում են, որ ձերբակալվածները դեռևս ցուցմունքներ չեն տալիս, այդ պատճառով իրավապահները դեռևս դժվարանում են որևէ բան ասել պատրաստվող հանցագործության հստակ պատվիրատուների մասին: Միաժամանակ որոշ պարբերականներ հիշում են բրիտանական Telegraph-ի հրապարակումն այն մասին, որ մի քանի ամիս առաջ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի կարգադրել էր Ադրբեջանում սադրիչ գործողություններ իրականացրել «Եվրատեսիլի» ընթացքում:

Բաքվի և Թեհրանի բարդ հարաբերությունները անցած հանգստյան օրերին քննարկում էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Իրանի ԱԳ նախարար Սեիդ Աբաս Արակչին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, դիվանագետները մի շարք ցավոտ հարցեր են քննարկել, որոնք փչացնում են ազգամիջյան հարաբերությունները: Սակայն ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ չնայած հանդիպման դրական բնույթին, ըստ իրանցի հյուրի հայտարարությունների, երկրների միջև առճակատումը խորանալու է:

Վերոնշյալ բանակցությունները արձագանք էին գտել նաև Բաքվի բարեկամ Անկարայում: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Ադրբեջանին ցուցաբերվող անխոս աջակցության մասին: Թուրքիայի ԱԳ նախարարը նույնպես հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպելու պատրաստակամության մասին: Հյուրեր հրավիրելու Թուրքիայի կարողությունների հարցում ոչ ոք չի կասկածում, սակայն հազիվ թե այդ հրավերից օգտվի Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավվածությունը, որը չի կարող չեզոք լինել, հազիվ թե համընկնի Հայաստանի շահերի հետ:

Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները, ըստ ամենայնի, կարող են որոշակի անհարմարավետություն ունենալ արտաքին բեմահարթակում. 17 քաղաքական կուսակցություններ դեմոկրատական ուժերի խորհրդատվական խորհուրդ են ստեղծել և հայտարարլ են հանուն ընտրական օրենսգրքում փոփոխությունների պայքար մղելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հասարակական քաղաքական կառուցվածքի ժողովրդավարացման համար»,- գրում է Սիմոնյանը:

Tekali Taxi