ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ոչ ոք, առավել ևս՝ մի պատգամավոր, չի կարող պատիժ սահմանել իր համար: Այս մասին պատգամավորն ասել է «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում՝ մեկնաբանելով իր և ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի դեմ ԱԺ էթիկայի հանձնաժողով ներկայացրած դիմում-բողոքը:
Պատգամավորների դեմ բողոքել էր «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ վերջիններս փանք-երգչուհի Ծոմակին պատկանող DIY ակումբի պայթեցման հետ կապված իրենց հայտարարություններով խախտել են ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգի դրույթները:
Շարմազանովի խոսքով՝ այս ամենը պարզապես շոու ստեղծելու նպատակ ունի:
«Ես վախենում եմ միայն Աստծուց: Ուրեմն որևէ մեկը չի կարող ինձ համար պատիժ սահմանել, առավել ևս` մի պատգամավոր: Կա օրենսգիրք և դատարաններ, որոնք էլ կորոշեն պատժի մասին: Ես կարծում եմ, որ այս ամենից ավելի շատ շոուների հոտ է գալիս, մարդիկ ուզում են հայտնի դառնալ և շոու ստեղծել: Ամեն դեպքում, տհաճ է, որ նման ոչ բարոյական և ոչ քրիստոնեական կարծիքները սկսել են շահարկման առարկա դառնալ: Ես Ձեզ մեկ անգամ ևս ասում եմ, որ ես բաց նամակով հանդես եմ եկել ու ավելացնելու ոչ մի բան չունեմ: Ուղղակի կասեմ, որ այո, ես՝ որպես քրիստոնյա մարդ, դեմ եմ նման դրսևորումներին և ավելի շատ դեմ եմ նման դրսևորումների պրոպագանդմանը: Ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ ու կարծում եմ` հասարակության մեծամասնությունն էլ դեմ է անբարոյական, հակաքրիստոնեական արժեքների պրոպագանդմանը: Այդտեղ ինչ-որ բռնություն, ինչ-որ բան… դա էլ իրենց հորինած խնդիրներն են: Նույնը կասեմ նաև Արծվիկ Մինասյանի հետ կապված, նրան շատ լավ ճանաչելով՝ կասեմ, որ այդտեղ ոչ մի բռնության մասին խոսք լինել չի կարող: Չնայած դա էթիկայի հանձնաժողովի խնդիրն է, մենք բարձր ենք, որևէ խնդիր չեմ տեսնում: Կրկնում եմ. ես ոչ մեկին բռնության կոչ չեմ արել ու չեմ անի, բայց միևնույն ժամանակ, որպես քրիստոնեական արժեքներ կրող մարդ, դեմ եմ հակաքրիստոնեական անբարոյական քայլերին», – թերթի հետ զրույցում ասել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով DIY ակումբում պայթյուն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու երիտասարդների գործողություններին, ասել էր, որ «բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ պատգամավորը, ուղղակիորեն և հրապարակայնորեն արդարացնելով ատելության հիմքով կատարված հանցագործությունը, խախտել է ՀՀ ԱԺ կանոնակարգի դրույթները, ինչպես նաև պաշտոնավարման երդումը: