Home / Տեսանյութեր / «Pussy Right». դատական նիստերի արձանագրություններ ու պիեսից հատվածներ՝ բեմի վրա

«Pussy Right». դատական նիստերի արձանագրություններ ու պիեսից հատվածներ՝ բեմի վրա

Գերմանիայում սկանդալային Pussy Riot փանկ խմբի գործին նվիրված ներկայացում են բեմադրել: Թատերական ներկայացումը անվանվել է «Pussy Right», հաղորդում է «Радио Свобода»-ն:

Ինչպես ռադիոկայանին պատմել են գաղափարի հեղինակները՝ քաղաքական լրագրող Սերգեյ Լագոդինսկին և ներկայացման պրոդյուսեր Դավիդ Մասը, ներկայացման տեքստը իրենից ներկայացնում է դատական նիստերի արձանագրությունների և հին հույն թատերագիր Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգությունից վերցված հատվածների կոլաժային համադրում:

Pussy Right ներկայացման մեջ խաղացել են Բեռլինի Մաքսիմ Գորկու պետական թատրոնի անվանի դերասանները: Պրեմիերան կայացել է սեպտեմբերի 9-ին:

Ներկայացման կենտրոնական խնդիրը բախումն է ընդհանուր չգրված օրենքների և պետական օրենքների միջև:

Լագոդինսկու խոսքով ՝ Գերմանիայում հանրային քննարկումներ են տեղի ունենում Pussy Riot-ի գործի շուրջ:

«Այստեղ շատ կենդանի քննարկումներ են տեղի ունենում: Սակայն գերմանացիների մեծ մասը զարմանքով և կասեի անգամ հեգնանքով են նայում նրան, ինչպես անցավ Pussy Riot-ի գործով դատավարությունը»,- նշել է Լագոդինսկին:

Նրա խոսքով՝ Գերմանիայում շատերը Pussy Riot-ի ակցիան դիտարկում են որպես քաղաքական ակցիա: «Ես այնքան էլ համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Ես կցանկանայի, որ մեր ներկայացմանն էլ նայեն որպես իրադարձությունների պատմական վերաիմաստավորման փորձ, այլ ոչ թե պուտինյան ռեժիմ կոչվող պրոցեսի էժանագին քննադատություն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին քշիր» փանկ-աղոթքի համար:

Tekali Taxi