Home / Հայաստան / ԱԺ պատգամավորի որդին մարդ է ծեծել. տուժածի հորեղբայրը պատմել է մանրամասները

ԱԺ պատգամավորի որդին մարդ է ծեծել. տուժածի հորեղբայրը պատմել է մանրամասները

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (կեղծանունը՝ ՄԱՊ-ի Ալիկ) որդին՝ Մակար Պետրոսյանը, երեկ իր մի քանի ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ 39-ամյա Արամ Մելիքյանին: Այս  մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամ Մելիքյանի հորեղբայրը՝ Դավիթ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Մակար Պետրոսյանը և ընկերները 3 ջիպերով կանգնեցրել են մենակ երթևեկող Արամ Մելիքյանին, վերջինս չի հասցրել դուրս գալ մեքենայից, Պետրոսյանը հրազենի կոթով հարվածել է նրան:

«Այնուհետև իրենց բանդայով այնքան են ծեծել նրան, որ կորցրել է գիտակցությունը», – պատմել է հորեղբայրը:

Այժմ Մելիքյանը դատաբժշկական քննություն է անցնում Հոկտեմբերյանի դատական բուժհիմնարկում: Նա ստացել է ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ:

Ծեծի շարժառիթը, ըստ տուժածի հորեղբոր, ընտրություններին Ալիկ Պետրոսյանին դեմ դուրս գալն է:

«Բամբակաշատ գյուղում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում (տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին) թեկնածություն է դրել իմ եղբայրը՝ Արամի մյուս հորեղբայրը: Սա զայրացել է Ալիկ Պետրոսյանին, քանի որ նրա հորեղբոր որդու՝ գործող գյուղապետ Արբակ Եղիազարյանի ընտրվելու շանսերը փոքրանում են», – ասել է Մելիքյանը:

Նա նշել է, որ Մակար Պետրոսյանն իր խմբի հետ այս ծեծից հետո Բամբակաշատի ընտրատեղամասերից մեկն է այցելել (երեկ կայացել են գյուղի ավագանու անդամների ընտրությունները – խմբ.) և տեղում հայհոյել ու ծեծել հանձնաժողովի անդամներից մեկին՝ Արման Սարգսյանին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, նա ստացել է գլխի գագաթաքունքային շրջանի սալջարդ` ձախից, ձախ արմնկային հոդի սալջարդ: Այս առթիվ ևս կազմվել է դատաբժշկական եզրակացություն:
Նշենք, որ միջադեպի մասին ոստիկանություն հայտարարության մեջ նշված չէ Մակար Պետրոսյանի անունը, միայն գրված է, որ ձերբակալված են Կառլեն Ե.-ն և Զոհրաբ Ե.-ն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը, պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչու Մակար Պետրոսյանի անունը չի նշվել, ասել է, որ գործը նոր է հարուցվել, և հնարավոր է, որ հետագայում այլ մեղադրյալներ ներգրավվեն:

Tekali Taxi