Home / Հայաստան / Հունգարիայի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանին նամակ է ուղարկել

Հունգարիայի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանին նամակ է ուղարկել

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին անցած շաբաթավերջին  նամակ է ուղարկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որտեղ հավաստիացրել է, թե Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին ուղղված չէր Հայաստանի դեմ և չպետք է դիտարկվի որպես վիրավորանք հայ ժողովրդի հասցեին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նամակում արտգործնախարարը նաև ընդգծել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանի արտահանձնումն իրականացվել է միջազգային գործող նորմերին ու այս հարցում Հունգարիայի կողմից կիրառվող պրակտիկային համապատասխան։

Արտահանձնումը «բացառապես իրավական բնույթ» է կրել՝ պնդել է Մարտոնին։

Պաշտոնական նամակում Հունգարիայի արտգործնախարարը նաև ցավ է հայտնել իր երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու՝ Հայաստանի որոշման կապակցությամբ և հիշատակել հայ-հունգարական ավանդական բարեկամությունն ու «քրիստոնեական արժեքները», որ «միավորում են երկու ժողովուրդներին դարեր շարունակ»։

«Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»,- մամուլում առկա հաղորդագրության համաձայն, պնդել է Հունգարիայի արտգործնախարարը և կոչ արել Էդվարդ Նալբանդյանին երկուստեք ջանքեր գործադրել բարեկամական կապերը վերականգնելու համար։

«Ազատության» տեղեկություններով՝ Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է այս ուղերձը, սակայն պաշտոնական Երևանը առայժմ դրան որևէ կերպ չի արձագանքել։

Tekali Taxi